«- ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝ ընդգծելով, որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձեր կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:
– Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազար ու մի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
Սա հատված է «Հայկական ժամանակ» թերթին տված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցից:
Բնականաբար, եղան արձագանքներ: Դրանցից ամենահակիրճը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքն էր. ««Ակադեմիկոսները թող այնպես անեն, որ մենք ունենանք ժամանակակից զենք: Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին այդ է՝ պաշտպանել իրենց երկիրը»: Հետո հիշեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Եթե ձեր գիտությունից հայ ժողովուրդը օգուտ չունի, ուրեմն թքալ եմ ձեր վրա էլ, գիտության վրա էլ»: Continue reading



