Monthly Archives: March 2016

Ըստ հայ արիների՝ հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛ – Երկրապահները համախմբվում են հայոց բանակի շուրջ… Գազի խնդիրը.- Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է…

Հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛

Հայրենիքին ծառայելու եւ հանուն ազգի մարտնչելու գաղափարը եղել, կա եւ մնում է արդիական: Առավել եւս հայության համար, քանզի մեր հայրենիքի զգալի մասը թշնամիների տիրապետության տակ է դեռ եւ մեր միլիոնավոր ցեղասպանված նահատակների եւ նախնյաց վրեժը անկատար է մնացել… չնայած հայ վրիժառու մի քանի սերունդների նվիրական գործունեությանը: Այսօր էլ հայրենիքի պաշտպանության գործը համազգային խնդիր է եւ այն միայն բանակի սրբազան գործ չէ: Մեր բանակն ապացուցել է իր զորությունն ու հաջողության հասնելու կամքը եւ արժանի է հաընդհանուր սատարման ու աջակցության ինչպես հայաստանյան (նաեւ՝ արցախյան), այնպես էլ սփյուռքյան հայության կողմից:

Ինչպես հայ արիականներն են պնդում՝ «Հայոց բանակը պիտի լինի ազգ-բանակ, ամբողջ ազգը՝ Հայաստանի ներսում, թե երկրից դուրս, պիտի մեկ մարմին դառնա, որպես ինքնապաշտպանական համակարգ… Յուրաքանչյուր հայորդի պիտի իր տեղը, դերն ու նշանակությունն ունենա այդ գործում… 10 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բոլոր հայերը, անկախ սեռից, պիտի տիրապետեն զենքին, որոշակիորեն հասկանան զինվորական գործից: Ճակատն ու թիկունքը պիտի այսօրվանից ձուլվեն միմյանց, զգան փոխադարձ կարեւորությունը եւ շունչը…»:

«Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ» հայտնի կարգախոսը հայ արիականների համար միանշանակ ընդունելի եւ անգամ պարտադիր է:

Օրերս ամբողջ հանրապետությունում պատանի երկրապահների շարքերը համալրելու առթիվ երդում են տվել շուրջ 20.000 պատանիներ։  Continue reading

Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…

Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները

Գարնանային այդ օրը էլեկտրոնային կյանքում հայրենասերների մի ամբողջ խումբ պատմական արշավ կազմակերպեց ու հիշեց այդ օրվա՝ կլարացետկինյան պատճառը: Քանի որ ընդհանրապես այդ խմբից ինձ համար առանձնացրել եմ մի խմբի, որի տեսակետին գրեթե մշտապես կարող եմ ականջալուր լինել, նրանց կարծիքն էլ կմեջբերեմ:

Ըստ Հայ Արիական Միաբանության՝ «Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:

Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:

Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…»:

Ահա եւ վերջ՝ մարտի 8-ը հերթական առիթ է «հերթական ուրախությունը պարգեւելու առումով»: Բողոքողները կարող են դա անել մարտի 1-ին, 3-ին կամ 7-ին, 9-ին կամ միշտ՝ երբ ուզեն: Դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մեր հայրենասերների այդքան սիրած ութաթեւ աստղը Ադրբեջանի պետական դրոշի վրա է, Ադրբեջանը դա էլ է գողացել: Հիմա ի՞նչ անենք, հրաժարվե՞նք մեր ութաթեւ աստղից: Իհարկե՝ ոչ: Մեր ութաթեւ աստղը Վրաստանը դաջում է գինու կարասներին եւ միջազգային PR սկսում՝ սեփականելով թե հավերժության ութաթեւ խորհրդանիշը, թե՛ գինու հայրենիք լինելու առաջնայնությունը: Հրաժարվե՞նք: Իհարկե՝ ոչ: Օրինակներ էլի կարող եմ բերել:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=5418Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

Հիշենք նորից. Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթն է՝ «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա», նրա կին Անահիտ-d .I TAR-ը պետք է նույնպես ներկայացներ մի այնպիսի գործառույթ, որը կապված էր Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթի հետ: d .IŠTAR Անահիտ անվան մեջ դրված է այս հարցի պատասխանը միայն հակառակ ընթերցմամբ՝ Տիհաննա (հնագույն աստվածուհի եւ հիքսոսների մայրաքաղաքի անունը), «լույս հանող, բերող» տառացիորեն լույս, ջերմություն: Տիաննա-Անահիտի պաշտամունքը հայասական դիցարանում ներկայացնում է d.I TAR-ը, իսկ նրա հետեւորդը ուրարտական դիցարանում Վարուբանին է:

Ուրարտական դիցարանին հաջորդում է Ավեսթան, որի մեջ բարձրագույն աստվածը Ահուրամազդան է: Քչերին է հայտնի, որ Ահուրամազդա անվան մեկնաբանությունը արված է Ավեսթայում՝ որը բառացիորեն նշանակում է «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» (տես Զարաթուշթրա, «Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.): «Աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» դոգմատիկ գործառույթը իրականացնում է Հայասայի dU.GUR-ը, ով ժառանգել էր Արարչի զավակ, առաքյալ Էա Հայան: Գիտե՞ր արդյոք Խորենացին այս պատմությունների մասին, թե՞ ոչ, կարող ենք միայն կռահել, սակայն փաստ է. ըստ Խորենացու՝ Արամազդը ուներ չորս կերպ, եւ Խորենացին Արամազդին ներկայացնում է որպես «զմեծն եւ զարին Արամազդ զարարիչն երկնի եւ երկրի», ով պարտավոր էր ապահովել մարդկանց «Աստծո հուրը, լույսը, ջերմությունը»:

Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ առանձնացնում է «կունդ-ճաղատ» (ճաղատությունը բնորոշ է անդրաշխարհի տերերին) Արամազդի: Համադրությամբ տեսանելի է Արամազդի երկու կերպը. որպես «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա» հայասական dU.GUR-ով ապահովում է Արեւ՝ dUTU-ի անվտանգությունը՝ «կունդ-ճաղատ», նաեւ Ավեսթայի Ահուրամազդա որպես «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» երեւույթի կրող:

Փաստացի, ըստ ժառանգական իրավունքի, Հայասայի dU.GUR-Արամազդը այն եզակի աստվածն է, ով իրավասու է միասնաբար վերահսկելու եւ կառավարելու երկու աշխարհները կազմված՝ 1. անդրաշխարհ, 2. գետին, 3. դժոխք, 4. սանդրամենտք, 5. տարտարոս, 5. գեհեն, 6. անդունդ, 7. անհատակ եւ 1. աշխարհ 2. տանիք, 3. երկիր, 4. երկինք, 5. տիեզերք, 6. անեզրական, 7. եզրական մասերից։  Continue reading

Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Մեր երգիծաբաններից ամենաշատը Օտյանին եմ սիրում: Այն պարզ պատճառով, որ նրա բոլոր ստեղծագործություններն են միշտ արդիական, եւ որ դրանք այսօր էլ կարող են դյուրին սոսնձվել պետական, մասնավոր, կուսակցական գրեթե յուրաքանչյուր օղակի:

Երբ մեր մասնավոր, հանրային, մասնագիտական ու պետական հատվածները սկսեցին ահազանգել, որ Արարատյան դաշտն անապատասման եզրին է, օտյանական հերոսներից մեկին՝ Փանջունուն հիշեցի, դասակարգ չկա՞, կստեղծենք, որ պայքարենք: Արարատյան դաշտում ջրի խնդիր չկա՞, կամ՝ այդ չափո՞վ չկա՝ կստեղծենք, որ լուծենք: Բայց արի ու տես, որ բնության պատիժը փանջունիական բեռից ծանր նստեց մեզ վրա: Մենք չօգտագործեցինք բնության պաշարը՝ բերք ու բարիք ստանալու համար, մենք անխնա շահագործեցինք բնության պաշար ջուրը՝ հետագայում լրիվ չորանալու վտանգը չկանխատեսելով:

Ի՞նչ ունենք այսօր: Արարատյան դաշտն ամայանում է: Ստորերկրյա ջրերի մակարդակը մետրերով է իջնում: Ջրատվության մակարդակն անգամներով է պակասում: Նկատի ունենանք. որ սա այն դեպքն է, երբ ահազանգում են նշածս բոլոր հատվածները: Քանզի այդ ամայանալը բազմաթիվ բացասական հետեւանքների է բերելու:

Եթե հակիրճ ասենք՝ ճիշտ նշանակետին խփելով, ապա մենք այս պահին ազգային լուրջ խնդիր ունենք լուծելու. խնդիր, որ ռազմավարական նշանակության է ու՝ ոչ միայն այս պահի դրությամբ:

Բնապահպանության նախարարությունը մշակում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Այդ պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի եւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները) վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Ի՞նչ է այն ենթադրում, կոչվա՞ծ է արդյոք լուծում տալու մեր առջեւ ծառացած այս բարդագույն խնդրին, թե՞ հերթական փաստաթուղթ է լինելու: Թեեւ փորձը ցույց է տալիս, որ մեր մասնագիտական փաստաթղթերը հիմնականում լավն են լինում, եւ հարցն իրագործել-չիրագործելու տիրույթում է:
Continue reading

Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ

Բաղադրությունը – Կարագ – 200 գ, մուրաբայի օշարակ – 200 գ, վանիլ – 0,5 թեյի, գդալ, դարչին – 1 պտղունց, կտրտած ընկույզ – 1 բաժակ, չամիչ – 1 բաժակ, չիր – 1 բաժակ, փոխինձ, աղ:

Պատրաստման եղանակը – Օշարակն ու 200 մլ ջուրը խառնել, դնել կրակին, կարագը լցնել մեջը: Հենց եռա, ավելացնել 1 պտղունց աղը, ընկույզը, չամիչն ու չիրը, վանիլն ու դարչինը:

Հետո աստիճանաբար ավելացնել փոխինձն այնքան (մոտավորապես 600 գ), որ հնարավոր լինի սառելուց հետո գնդիկներ պատրաստել: Ձեւավորել, մատուցել:

Եվ ուրբանիզացիան եւ ժառանգականությունը

Վերջին տարիներին աշխարհում ալերգիան շատացել է, Հայաստանն էլ հետ չի մնում: Ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանը անդրադառնալով սեզոնային ալերգիաներին՝ նշել է, որ դա շատ հաճախ հարբուխի պես է արտահայտվում՝ փռշտոց, քթարտադրություն, հիմնականում առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին ավելի շատ լինում:

Արդյո՞ք բուժվում է ալերգիան, թե ոչ: Ալերգոլոգը ասել է. «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ անբուժելի հիվանդություն չկա: Հայաստանում կա թերիրազեկվածություն ու մենթալիտետի խնդիր, հայերը չեն սիրում դիմել բժշկի»: Ինչպես բոլոր ալերգիաները, այնպես էլ սեզոնայինը, ունեն իրենց բուժման եղանակները, օրինակ իմունոթերապիան, պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, որպեսզի ճիշտ ալերգենով պայքարել դրա դեմ: Մասնագետի կարծիքով՝ ալերգիայի առաջացման պատճառը կապված է իմունային համակարգի հետ: Դա չի նշանակում, որ իմունիտետն ընկած է, այլ ուղղակի իմունային համակարգը խախտված է: Ալերգիաները ունենում են նաեւ ժառանգական նախապայման: Ալերգիաների ավելացումը պայմանավորված է նաեւ «ուրբանիզացիայով, օդի աղտոտվածությամբ եւ էկոլոգիական խնդիրներով, որոնք էլ մեծ ազդեցություն են ունենում այդ ժառանգական նախատրամադրվածության վրա:

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, քանի որ ալերգոլոգների մոտ դրանք չեն հավաքվում, իսկ բուժհիմնարկներում արձանագրվում են միայն բժշկին դիմած դեպքերը:

Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը նշել է, որ անցած դարի 40-ական թթ. մինչեւ փլուզումը ԽՍՀՄ-ում ալյուրը 100%-ով հարստացվել է, այդ թվում՝ ֆոլաթթվով՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ (www.hayary.org) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Հրավիրվել է Norway Chess-2016 մրցաշարին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հրավիրվել է Norway Chess-2016 շախմատի հեղինակավոր մրցաշարին: Մասնակիցների ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը եւ Վեսելին Թոփալովը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, հնդիկ Պենդյալա Հարիկրիշնան:

Մրցաշարի վերջին մասնակցին որոշելու են շախմատասերները: Թեկնածուների թվում ընդգրկվել են չինուհի Հոու Յիֆանը, նորվեգացի գրոսմայստերներ Համերը, Գրանդելիուսը եւ Տարին: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 18-29-ը, Ստավանգեր քաղաքում:

Լեւոն Արոնյանը խուսափեց պարտությունից – Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: 2 շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին:

Կայացած առաջին փուլում բոլորից արագ ավարտվեց Սերգեյ Կարյակին-Պյոտր Սվիդլեր մաքուր ռուսական պարտիան: Արդեն 30-րդ քայլին կողմերը գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող երկու հավակնորդները՝ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Նրանք կատարեցին 31 քայլ: Մրցաշարում հաշիվն առաջինը բացեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ: Վերջինն ավարտվեց Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան պարտիան: Երկար ժամանակ խաղատախտակին հավասար պայքար էր ընթանում: Վերջնախաղում Լեւոն Արոնյանը չնայած անզգույշ խաղաց եւ զինվոր կորցրեց, սակայն այնպիսի պաշտպանություն կառուցեց, որ մրցակիցը 65-րդ քայլին ստիպված էր հաշտության առաջարկ անել: Այդպիսով, առաջին փուլից հետո աղյուսակը սկսեց գլխավորել Վիշվանաթան Անանդը:  2-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց նրա հետ:

Հ.Գ.- Մոսկվայում տեղի ունեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:  Մեր ուժեղագույն շախմատիստն այս անգամ հանդես եկավ սպիտակ խաղաքարերով: Նա սկզբնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն հետո զգույշ մարտավարություն ընտրեց եւ կորցրեց այն: Շուտով կողմերը փոխանակեցին խոշոր խաղաքարերը, պարզեցրին դիրքը, որից հետո համաձայնեցին կիսել միավորը: Այդպիսով, Վիշվանաթան Անանդը վաստակեց 1,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Լեւոն Արոնյանը ունի մեկ միավոր եւ առայժմ գտնվում էհետապնդողների խմբում: 3-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ, որն այսօր ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ եւ վաստակեց առաջին կես միավորը:

Մերոնք մեկնել են Ռեյկյավիկ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը հանդես կգան Ռեյկյավիկի բաց առաջնությունում: Մասնակցելու հայտ են ներկայացրել 246 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 30 գրոսմայստեր: Նրանց թվում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը:

Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին եւ կավարտվի մարտի 16-ին: Այն կընթանա շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:

Հ.Գ. – Հայաստանի շախմատային եռյակը հետապնդում է 12 առաջատարներինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երեք անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը, հաջող են մեկնարկել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շախմատի բաց առաջնությունում: Արդեն կայացած երեք տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք չնայած տեղեր են զբաղեցնում երկրորդ տասնյակում, սակայն շատ մոտ են 12 առաջատարներին, որոնք 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել մեկնարկում: 4-րդ փուլում մերոնք սպիտակներով կհանդիպեն իրենցից ցածր կարգ ունեցող մրցակիցների հետ, եւ հաջողության դեպքում նրանք արդեն կմտնեն առաջին տասնյակ: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, նույնպես ունի 2,5 միավոր եւ նույնպես գտնվում է առաջատարներին հետապնդողների խմբում:  Continue reading

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն ասում են՝ շնորհավո՛ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:

Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:

Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…
Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 5-ի (395) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Էլ մահն ու՜մ շունն է – Երբ բժիշկների ձեռքերում հոգի կա… Երբ աչքերս բացեցի, ինձ լավ էի զգում: Իսկ թե մինչ բացելս ինչպես եմ զգացել, հետո պիտի պարզվեր (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

2. Բժիշկների հրաշագործ ձեռքը եւ Աստվածների կամքը – Երբ փորձառու բժիշկներն են մարդու՝ կյանքի հետվերադարձը համարում հրաշք, ապա առանց աստվածային զորության հնարավոր չէ պատկերացնել դեպի երկրային կյանք դառնալու իրողությունը, (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

3. Արեգը ծնվեց՝ Հայոց Տրնդեզի տոնին ընդառաջ – Մեկ այլ նախախնամությամբ էլ ՀԱՄ առաջնորդի որդին իր վաղածին 40-օրյա վտանգի շրջանը կբոլորի հենց Վահագնի վերածննդի օրը…

4. Հին դեմքերի նոր մղձավանջը – եթե իշխանության կամ իշխանության ներսում լինելու համար այսքան մեծ աղմուկ կար՝ ինչու՞ կառույցների 1-ին դեմքերը չստորագրեցին քաղաքական համաձայնագիրը…

5. «Վերեւի» կամքը «վերեւների՛ն» պիտի պարտադրել – Դեպի վարչապետական Հայաստան… Իսկ «խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին» հայտարարությունը եւս առաջին անգամ չի ասվում…

http://www.hayary.org/wph/?p=5397Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

6. Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…

7. Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն (2-րդ մաս) – Սա նաեւ ազգային առողջապահության խնդիր է… Հայկական գինին Եվրոպա մտավ – Եվ արագ ծավալվելու խնդիր կա…

8. Աշխատանքային խորհրդակցություններին հետեւելիս – Երեւանի քաղաքապետը շեշտադրում է «մեսիջները»… Հայաստանն ամեն օր պատրաստ է պատերազմի – Ըստ պաշտպանության նախարարի՝ 2 գործոն կա, որն ապահովում է հայկական զինուժի հաղթական ելքը…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

10. Հայկական խոհանոց – Հնդկաձավարով աղցան… Կայացավ Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցչի երգի պրեմիերան … «Արտավազդ»-ի հավակնորդները… Այցելե’ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականությանը սատարող «Լուսանցք» շաբաթաթերթը…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Էլ մահն ու՜մ շունն է – Երբ բժիշկների ձեռքերում հոգի կա… Երբ աչքերս բացեցի, ինձ լավ էի զգում: Իսկ թե մինչ բացելս ինչպես եմ զգացել, հետո պիտի պարզվեր (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

2007թ. մարտից «Լուսանցք»-ը լույս է տեսնում եւ ընդհատվել է ընդամենը 3 թողարկում՝ 2016թ. փետրվարին, երբ ինձ մահամերձ տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» ծննդատուն: Բայց ընդհատման մասին չէ, որ ուզում եմ խոսել, քանզի այսօր կրկին հրապարակում ենք եւ, ի վերջո, այդ դադարը նաեւ մեր թերթի գնահատականի ուղղակի արձագանքը եղավ: Այնքան զանգեր, որ մենք ստացանք մարզերի (ինչը հատկապես ենք կարեւորում) մեր ընթերցողներից, վստահ եմ՝ յուրաքանչյուր խմբագիր երազել կարող է:

Ինչեւէ, խոսել եմ ուզում մի թեմայից, որի մասին հաճախ եմ բարձրաձայնել մեր երկրի առողջապահական շրջանակներում:

Միշտ համոզված եմ եղել, որ նշածս ոլորտի մեր մասնագետների մեջ մարդը մեռած է. նրանք հոյակապ մասնագետներ են, արհեստավարժ բժիշկներ, բուժքույրեր՝ բայց հիվանդի հետ հարաբերվելիս հոգեբանությունից, մեղմ ասած, շատ հեռու են: Ցավոք, շատերն են կրկին ու կրկին ամրապնդել իմ համոզմունքը:  Continue reading

Բժիշկների հրաշագործ ձեռքը եւ Աստվածների կամքը – Երբ փորձառու բժիշկներն են մարդու՝ կյանքի հետվերադարձը համարում հրաշք, ապա առանց աստվածային զորության հնարավոր չէ պատկերացնել դեպի երկրային կյանք դառնալու իրողությունը, (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Երբ փոքր երեխաներ էինք, բժիշկները մեզ համար «բոբոներ» էին, այսպես էին մեզ վախեցնում մեր մայրերը, երբ հիվանդ ժամանակ հրաժարվում էինք դեղեր օգտագործել. «Զանգե՞մ բժիշկը գա սրսկի»… Դե իհարկե ոչ, մենք մի կերպ եւ արագ կուլ էինք տալիս այս կամ այն հաբը, որպեսզի որեւէ «բոբո» չգա մեր տուն իր սարսափելի «սպրիչով»…

Երբ մի քիչ մեծացանք, տաք թեյի վրա ջերմաչափ տաքացնելը (մինչեւ 38-39 աստիճան) եւ էլի նման բաները դարձան դասից բացակայելու միջոց, բայց երբ գալիս էր բժիշկ կանչելու պահը, մենք արագ կազդուրվում էինք ինչ-որ դեղահաբից կամ մայրիկի՝ ջերմության դեմ պայքարի քացախային միջոցներից… Միայն թե այդ բժշկից հեռու:

Երբ երիտասարդներ էինք, բժիշկներն այլեւս «բոբո» կարգավիճակում չէին: Ընդհակառակը, բժիշկ ծանոթ կամ որ ավելի գերադասելի էր՝ ընկեր ունենալը, միանգամայն անհրաժեշտ էր: Կյանք մտած եւ կյանքի բարիքներից օգտվող երիտասարդի համար բժիշկը կարեւոր առանցք էր…

Երբ սկսվեց արցախյան շարժումը, բժիշկը պարզապես փրկիչ էր՝ բառի բուն իմաստով: Հարյուրհազարավոր մարդկանց հանրահավաքների ժամանակ, երբ որեւէ մեկը վատ էր զգում… ահարկու լսվում էր միայն մեկ բառ՝ բժիիի՜շկ… եւ անտեսանելի ձեռքի միջոցով հարյուրհազարավոր մարդիկ արագ ճանապարհ էին բացում այդ ուղղությամբ, եւ բուժանձնակազմը վազքով մոտենում էր վատ զգացողին: Բժիշկները նաեւ հերթապահում էին Ազատության հրապարակում եւ այլ վայրերում:

Երկաշարժի օրերին բժիշկների սխրանքը անմեկնելի էր, բժիշկը գերմարդ էր… Առավել անմեկնելի էր նրանց սխրանքը Արցախյան ազատամարտի տարիներին… Բժիշկն այստեղ փրկիչ չէր, դա քիչ է ասված, նա աստվածամարդ էր, ով պահպանում էր հայ զինվորի արարչական-աստվածային կյանքի թելը: Ես տեսել եմ դաշտային պայմանների վիրահատություններ: Միայն աստվածամարդը քաջություն կունենար առանց ժամանակակից գործիքների կատարել «անմարդկային» վիրահատություններ, երբ անգամ թմրեցուցիչն էր բացակայում…  Continue reading

Արեգը ծնվեց՝ Հայոց Տրնդեզի տոնին ընդառաջ – Մեկ այլ նախախնամությամբ էլ ՀԱՄ առաջնորդի որդին իր վաղածին 40-օրյա վտանգի շրջանը կբոլորի հենց Վահագնի վերածննդի օրը…

Հայոց Տրնդեզը հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստ ունի:

Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, այսինքն՝ տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ ծիսակարգ է: Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:

Սա է պատճառը, որ արիադավան մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) Միակ Արարողն ու Տերը Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Այս Տրնդեզին ընդառաջ էլ, որը կայացավ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, իր երկնային հոգին երկրում մարմնավորեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի արու զավակը՝ Արեգը:

Հայ արիականների ու հեթանոս համախմբված ազգայնականների համար ուրախության այդ առիթը եւս կար, նրանք ողջունեցին ու շնորհավորեցին հայ արիականների առաջնորդին՝ Արե(Է)գ որդու լույս աշխարհ գալու առթիվ, ում դժվար ծնունդը կայացավ Հայ Աստվածների կամոք…  Continue reading

Հին դեմքերի նոր մղձավանջը – եթե իշխանության կամ իշխանության ներսում լինելու համար այսքան մեծ աղմուկ կար՝ ինչու՞ կառույցների 1-ին դեմքերը չստորագրեցին քաղաքական համաձայնագիրը…

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փետրվարի 24-ին ստորագրեցին այդքան թմբկահարված համագործակցության համաձայնագիրը: Առաջին հայացքից սա զարմանալի է, եթե իշխանության կամ իշխանության ներսում լինելու համար այսքան մեծ աղմուկ կար, ապա ինչու՞ կառույցների 1-ին դեմքերը չստորագրեցին համաձայնագիրը, ինչն ավելի ազդեցիկ կդիտվեր ոչ միայն մեր ներքին կյանքում:

Խոսք կա, որ Արմեն Աշոտյանին լուրջ կուսակցակցական աշխատանք է սպասվում, իբր այդպես նախատեսված է, եւ նրա ստորագրությունը պատահական չէ: Սերժ Սարգսյանի չստորագրելու դեպքում ավելի հավանական էր համարվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մասնակցությունը, կամ՝ գոնե ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի: Բայց վարչապետը ցայսօր առավելապես համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, Գալուստ Սահակյանը մեծ վստահություն չունի այլեւս, իսկ Վահրամ Բաղդասարյանը ոչ միանշանակ ընկալելի գործիչ է համարվում…

Կրթության եւ գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական երիտասարդ կուսակցական կադրերից է, ով ապացուցել է, որ կարող է նաեւ նախարար աշխատելով մնալ կուսակցական դեմք: Ով կարողացել է այդ ընթացքում խիստ չվարկաբեկվել, նաեւ ազատ ու անկաշկանդ շփվել լրագրողների հետ. իսկ միջազգային հանդիպումներում դրսեւորել է իրեն որպես միջազգային եւ ազգային հարաբերությունները համադրող պետականամետ գործիչ:

Այսպես՝ Արմեն Աշոտյանի՝ համաձայնագրի ստորագրման հանգամանքը կարծես հասկանալի է: Իսկ Աղվան Վարդանյանի դեպքում, եթե հետեւենք նույն տրամաբանությանը, ապա շատ անտրամաբանական է հետեւությունը:
Continue reading

«Վերեւի» կամքը «վերեւների՛ն» պիտի պարտադրել – Դեպի վարչապետական Հայաստան… Իսկ «խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին» հայտարարությունը եւս առաջին անգամ չի ասվում…

Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ընդարձակ ելույթով ընդգծեց այն սպասվող փոփոխություններն ու առաջիկա համապետական քայլերը, որոնք պիտի լինեն այլեւս եւ իրականություն դառնան Հայաստանում: Դա իրականում մեր պետական համակարգի փոփոխմանն առնչվող ընդարձակ վերլուծություն էր, որը մեզ սպասում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական համակարգից անցում կկատարի դեպի խորհրդարանական համակարգի: Ինչն այլեւս երկրորդական կդարձնի 2018թ. սպասվող ՀՀ նախագահի ընտրության կարեւորությունը:

ՀՀԿ-ականներն այդ ելույթն անվանեցին պետության առաջնորդի հայեցակարգային եւ ծրագրային ելույթ, որը հնչել է ՀՀԿ ԳՄ նիստում:

Կառավարության փոփոխության մասին քննարկումներից առաջ հայեցակարգային հարցերի եւ արդեն սկսած սոցիալ-տնտեսական քաղաքականության շուրջ են եղել ծավալումները, որտեղ խոսվել է «իրենց անելիքներից, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին եւ արտաքաին քաղաքականությունից, մամուլի ազատությունից, ժողովրադավարության զարգացումից… Չի եղել մի ոլորտ, որին նախագահը չի անդրադարձել»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Իր խոսքերի հաստատմամբ էլ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ընդունեց ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին ու նրա գլխավորած պատվիրակությանը: Մեր երկրի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները:

Դառնալով նախագահի վերոհիշյալ ելույթին՝ նշենք, որ նա պարզորոշ հայտարարեց, թե «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա, որ մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Ավելին՝ «իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ»:

Եթե այստեղ մի փոքր դադար առնենք, ապա կարելի է ենթադրել, որ խոսքը «վերեւում» այն գտնվողների մասին է, որոնց մի մասը աշխատում է Սերժ Սարգսյանի ենթակայությամբ, բայց միաժամանակ սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին… Այս «իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ» այլեւս տեղ չեն ունենալու իշխանության մեջ, ինչի մասին հնչեց հստակորեն:
Continue reading

Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…

«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարը, որ տպագրեցինք մեր թերթի 2015թ. 40-44 եւ 2016թ. 1-2 համարներում, նպատակ ուներ խնդիրը համակողմանիորեն քննարկել, ծրագրի դրական ու բացասական կողմերը վեր հանել, նպատակն ու այդ նպատակին հասնելու միջոցները շեշտադրել: Թեման բաց ենք թողել՝ շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները, բանավիճող կողմերի առաջարկները ներկայացնելու նկատառումով:

Առաջինն արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց փոփոխությունների:

* * *

http://www.hayary.org/wph/?p=5356Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

* * *

«Ձեզ ենք ներկայացնում «Սեւանի իշխան» հիմնադրամի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված տեղեկատվությունը։

ՀՀ կառավարության 04.04.2014թ. N13 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին», որն

ուղղված է լճի ձկնատեսակների, բնական պաշարների եւ խախտված էկոհամակարգի վերականգնմանը: Ծրագրի նպատակներն են.

  1. Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնումը,
  2. Սեւանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների ստեղծումը,
  3. Նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ավելի վաղ՝ 19.12.2013թ, ՀՀ կառավարության. N1442-Ն որոշմամբ հիմնադրվել է Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը:

Հիմնադրամի կարեւորագույն նպատակներից մեկն է՝ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պաշարների վերականգնման կայուն ընթացքի ապահովումը:  Continue reading

Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն (2-րդ մաս) – Սա նաեւ ազգային առողջապահության խնդիր է… Հայկական գինին Եվրոպա մտավ – Եվ արագ ծավալվելու խնդիր կա…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=5388Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն (1-ին մաս).- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը

Աշխարհի միտումը ցույց է տալիս, որ, ինչպես նախորդիվ ասացի, օրգանական գյուղատնտեսությունն այլընտրանք չունի. ԵՄ երկրներում օրեցօր ավելանում է այն սպառողների քանակը, ովքեր գնում են օրգանական մթերք՝ արտադրված առանց պարարտանյութերի։ Հիշեցնենք՝ ԵՄ երկրներում օրգանական գյուղատնտեսական տարածքները վերջին 10 տարվա ընթացքում տարեցտարի ավելանում են՝ տարեկան մոտ 8 տոկոսով (4,3 մլն հա-ից հասել են 7,6 մլն հա-ի)։

Նկատեմ նաեւ, որ իմ մասնավոր հարցումները ցույց տվեցին, որ հայկական օրգանական արտադրանքի հնարավորությունների մասին արտերկրում նույնիսկ ավելի շատ գիտեն, քան մենք պատկերացնում ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարողանում եվրոպական շուկայում ամուր ոտք դնել։

Պատասխանը պարզ է՝ ստանդարտների համապատասխանության խնդիր կա։

Հիշենք մեր գինու պատմությունը։ Որակական չափանիշների «քննությունն» անցել էինք, բայց գինու շշերի խցանները «փչացրին» ամեն ինչ, քանզի պատրաստված չէին ըստ անհրաժեշտ տեխնոլոգիաների (թեեւ քաղաքական ենթատեքստը չենք բացառում)։ Մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության մասին օրենք ունի, որով նախատեսվում է ոլորտի պետական աջակցություն, մասնավորապես՝ նորամուծությունների (ինովացիաների), ինչպեսեւ արդիական տեխնոլոգիաների ներդրմանն օժանդակում, միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանում եւ այլն։ Օրենքից զատ, մինչեւ 2020թ. գյուղատնտեսության ռազմավարությունն էլ է քայլեր նախանշում։

Ըստ այդմ, վստահություն կա (մասնագետները համենայն դեպս չեն ժխտում), որ մեր երկրում առկա են որոշակի պայմաններ առավել բարձր ավելացված արժեք ապահովող օրգանական սննդամթերքի արտադրության զարգացման համար։ Գուցե այսօր ավանդական գյուղատնտեսությանը վերադառնալը անհնար թվա (հասկանալ՝ դժվարության իմաստով), բայց միանշանակ արժե՝ հանուն առողջության, հողի որակի բարելավման, շրջակա միջավայրի պահպանման եւ վերջապես՝ հանուն սերնդի առողջ գենի պահպանման։  Continue reading