Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Շեղաչյա Աստվածներ… Արիական մշակույթի հետքեր՝ Ճապոնիայում եւ Չինաստանում (12-րդ մաս)… եւ Ճշմարիտ Հավատը կտանի դեպի Տիեզերքի Անհունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Շեղաչյա Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-19-ում

Ավարտելով «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), ապաեւ՝ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարը՝ փորձեցի հնարավորինս ծավալվել թերթային սեղմ պայմաններում, որպեսզի ներկայացնեմ այն տեսակետները, որոնք առկա են Հայ Արիական Միաբանության հավատատեսության մեջ: Որպեսզի հայը կարողանա զատել հայինը՝ օտարինից, բնականը՝ անբնականից, Երկնայինը՝ Երկրայինից…

Երբ առաջին անգամ կիրառեցի «կա նաեւ նախահեթանոսական շրջան» արտահայտությունը, ոչ միայն հավաքին ներկա գիտնականները, այլեւ իմ հավատակիցները զարմացած հայացքները հառեցին վրաս… Սակայն ընթացքում հասկանալի դարձավ շատերին, որ ինչպես կա նախաքրիստոնեական ժամանակաշրջան, այնպես էլ՝ նախահեթանոսական, որտեղ էլ պիտի փնտրել բնածինն ու իրականը, ակունքն ու արմատը…

…Այստեղ էր, որ գտա ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը (նույնն է՝ Տիեզերակարգը), որտեղ Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը… սնվում ու գոյատեւում են Բարին ու Չարը… որտեղ գտա Արարչածին 7 Աստվածային Համակարգերը՝ Հայկական, Հնդկական, Հունական, Հրեական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաների… եւ նրանցից սերված Ազգերին ու Մարդատեսակներին… Այստեղ կողք-կողքի են նաեւ Լույսն ու Խավարը…

Եվ այս ամենը մի բան է նշանակում՝ Ակունքը բոլորի համար է, եթե յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում՝ ըստ Արարչի Կամքի. Բարին՝ բարի, Չարը՝ չար… Բոլորն էլ Արարչի Արարմունքներն են, որ պիտի կատարեն իրենց բեւեռների գործերը… Իսկ խախտողները պատժվում են անկախ այն հանգամանքից՝ բարի են, թե չարի…

Յուրաքանչյուր ազգ իր ծինաբանական ինքնատիպությունն ունի եւ տիեզերական առաքելությունը, ուստի պիտի գտնի ի՛ր Արահետը՝ Արարչին տանող Հետքը… 

Հայի համար Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքն են այն ուղեցույցը, որով պիտի առաջնորդվել ու գտնել Արահետը… Եվ այն կտանի դեպի Տիեզերքի Անհունները եւ կբացահայտի Հայի, Հայքի ու Հայոց Առաքելության տեսլականը…

- http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ - մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ - սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4876Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4863Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4851Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4875Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…

 – http://www.hayary.org/wph/?p=4850Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

Ասիան կամ Արեւելքը միշտ համարվել է ավելի խորաթափանց սովորույթների, ավանդույթների ու հավատների օրրան, քան այժմ ժամանակակից աշխարհի քաղաքակրթություն թելադրող Եվրոպան, որը չգիտես ինչու շարունակում է «հին աշխարհամաս» կոչվել: Այնինչ՝ ամեն բան այստեղ բերվել է Արեւելքից… Այսօր էլ Արեւմուտք-Արեւելք կռիվը առավելապես կրոնա-քաղաքական է, քան տնտեսա-քաղաքական:

Արեւելքը համարվում է նաեւ իմաստության եւ լուսավորության երկրամաս, իսկ Արեւմուտքի ու Արեւելքի սահմանը եղել ու մնում է Հայկական լեռնաշխարհը, որտեղ արարվել են մարդկության հետ առնչվող բոլոր երեւույթները, քանզի Հայկական (Արարատյան) լեռնաշխարհը մարդկության ծագման, փրկության ու հարատեւման Արարչածին Օրանն է, որ միաժամանակ Աստվածների Բնակատեղի է համարվում…

Մարդկության այս տեսակի անվանումը բազմազան է՝ չինացի, ճապոնացի, կորեացի, վիետնամցի, թայլանդցի, մոնղոլ կամ չուվաշ եւ այլն… Բայց այս եւ այլ անունները, որ երկրային են բացառապես, առաջացել են իրավիճակային կամ տեղային տարածքային առանձնահատկությունները բնորոշելու եւ սեփականը համարելու տեսանկյունից: Երկնքում չկան չինական, ճապոնական, կորեական կամ … Աստվածներ: Կան Շեղաչյա Աստվածներ, որ բոլորինն են, ովքեր մարդկության շեղաչյա հատվածն են:  

Այսօր Չինաստանն ու Ճապոնիան առավել հզոր երկրներ լինելով՝ փորձում են սեփականացնել իրենց ընդհանուր Աստվածներին՝ նրանց կոչելով Չինական Աստվածներ կամ Ճապոնական Աստվածներ… Իհարկե, մյուսներն էլ են այդպես անում, սակայն համաշխարհային արձագանքը առավելապես այս երկուսին է անդրադառնում:

Արեւելքի Աստվածային Համակարգը եւս Բազմաստվածային է, ինչպես բոլոր հին հավատներում է, սակայն այսօր առավելապես բուդդայականությունն է իշխում շեղաչյաների հատվածում: Ճապոնացիները փորձում են սինտոականությունը զարգացնել որպես ազգային հավատ, ինչը փոքրաթիվ փորձերից մեկն է Արեւելքի երկրներում:

Շեղաչյա Աստվածները նույն համակարգով ունեն Գլխավոր Աստված եւ Արարչի նախանշած գործառույթներով գործող Աստվածներ, որոնց մասին քիչ բան է հայտնի, ինչպես այլ Աստվածների: Պիտի կրկնեմ, որ առկա անուններն էլ, որ հնչում են Երկրում, դեռ չեն հավաստում, որ այդպես են հնչում նաեւ Երկնքում…

Այնուամենայնիվ, շեղաչյաների դիցարանը հիմնականում կապում են չինական դիցարանի հետ՝ հաճախ Շեղաչյա Աստվածներին հենց Չինական Աստվածներ կոչելով… Հաճախ էլ Աստվածային առնչությունները կապել են չինական կայսրությունների հետ, որ ժամանակի հզոր երկրներից են եղել ու նաեւ հավատքային խնդիրներ են թելադրել: Զարմանալի է, բայց չինական դիցաբանությունում «նորմալ» Աստվածների հետ գործում են նաեւ «աննորմալ» Աստվածներ, ինչպես՝ Տու Էր Շենը կամ Հու Տյանբաոն է: Ըստ առասպելի, նա սկզբում մահկանացու է եղել, ապա միայն դարձել միասեռական սիրո եւ ամուսնության աստված: Տյանբաոն ապրում էր Ցին կայսրության ժամանակաշրջանում եւ գայթակղված էր տեղական կառավարման մի պաշտոնյայով: Պաշտոնյային Տյանբաոն հետեւում էր նրա լոգարանի պատի անցքից: Ի վերջո, նրան հայտնաբերում ու ծեծելով սպանում են: Աստվածների խղճահարության վրա շատ է ազդում Տյանբոյի վախճանը եւ նրա անպատասխան սերը, ու որոշում են նրան վերակենդանացնել, եւ միաժանակ դարձնում են համասեռամոլության աստվածություն…

Սա շատ է նմանվում արհեստածին հռոմեական այն աստվածություններին, որ երբեմն նույնացվում էին հռոմեական սենատորների հետ, ովքեր ամեն ինչ փորձել-փորձարկելուց չէին հրաժարվում, այդ թվում՝ համասեռականությանը տուրք տալու բարքից, որ նաեւ «սրբազան խնջույքների» ժամանակ էին կիրառում: Մի պահ անգամ դա «ազնվագույնների» սեռական հարաբերության միջոց էր ընկալվում, նաեւ «կապույտ արյուն»՝ իբր ազնվական խավ լինելու նշան էր ոմանց համար… Երեւի այստեղից էլ առաջացել է համասեռականներին «կապույտ» կամ «երկնագույն» (հետո՝ կանանց  «վարդագույն») կոչելու սովորույթը…

Քանի որ ավարտում եմ Բնածին Աստվածների հոդվածաշարը, երիցս փառք պիտի տամ Հայ Աստվածներին (եւ այն Աստվածներին), որ հեռու մնացին արյունապղծումներից եւ սրբապղծումներից (այս մասին խոսեցինք նաեւ հունական եւ եգիպտական շեղումների ժամանակ), որոնք «սրբազան պոռնկություն» կամ «սրբազան խնջույք» կամ մեկ այլ անունների տակ փոխանցվեցին իրենց «երկրային կեսերին»՝ ազգերին, ու դարձան չարիք ինչպես նրանց, այնպես էլ մարդկության որոշակի հատվածի համար…

Իսկ վերոնշյալ Տու Էր Շենը շատ նկարներում ճագարի տեսքով է պատկերվում, քանի որ Չինաստանում համասեռամոլներին ճագար են անվանում, ճագարները համարվում են համասեռամոլության խորհրդանիշ: Ժամանակի թելադրանքի հետ խեղվեց նաեւ շեղաչյաների հավատը, համաշխարհային կրոնների առաջացումը «չանտեսեց» նաեւ Ասիան:

Յուե Լաոն չինական դիցաբանությունում այլ կերպ հայտնի է որպես «Մարդ՝ լուսնի տակ»: Ամուսնությունների Աստվածն է:

Վեյ Հու անունով մի մարդ երկար տարիներ իր համար կին է փնտրում եւ այդպես էլ չի կարողանում գտնել: Վեյ Հուն հանդիպում է Յուե Լաոյին, երբ նա կարդալիս է լինում ամուսնությունների գիրքը: Հուն Լաոյին խնդրում է ցույց տալ իր ապագա կնոջը եւ տեսնում է մի աղքատ ծեր կնոջ՝ փոքրիկ երեխան գրկին: Վախենալով, որ այդ աղքատ աղջիկը կդառնա իր կինը, Հուն հրամայում է սպանել նրան: Սակայն աղջկան հաջողվում է թեթեւ վնասվածքով փախչել: Տարիներ անց Վեյ Հուն գտնում է իր սրտի ընտրյալին եւ նկատում նրա ճակատի սպին: Աղջիկը նրան պատմում է, որ փոքր տարիքում նրան ցանկացել են սպանել, սակայն կարողացել է փախչել: Վեյ Հուն հասկանում է, որ հենց իր հրամանով կարող էին սպանել ապագա կնոջը:

Գույ-մուն չինական դիցաբանության մեջ աստվածուհի է՝ չար կին, սատանաների մայրը: Ամեն առավոտ նա հազարավոր սատանաներ էր ծնում եւ նրանց երկիր ուղարկում՝ տարբեր չարություններ անելու: Որպեսզի ոչ ոք չկարողանար պատժել իր երեխաներին, Գույ մուն նրանց երեկոյան ուտում էր, իսկ առավոտյան ծնում էր նորերին:

Վիշապը Արեւելքում հատուկ կարգավիճակ եւ պաշտամունք ունի, երեւակայական, գերբնական էակ է շատ ժողովուրդների առասպելաբանություններում։ Սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հայեվրոպական (այսօր ասում են՝ հնդեվրոպական) ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։ Ըստ հնագույն հավատալիքների, վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արեւը՝ առաջացնելով խավարում։ Հին Արեւելքի մի շարք երկրներում վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրեւ ջուր, անձրեւ ու հարստություն պարգեւող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով վիշապի սպանությունը եւ նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաեւ նրան զոհաբերվող կույսերի ազատումը։

Ըստ հին հայկական առասպելի, վիշապի դեմ մարտնչում եւ նրան հաղթում կամ հնազանդեցնում է Վահագն Վիշապաքաղ Աստվածը։ Ասել եմ, որ Վահագնը եղել է հայոց ամենասիրված ու ընդհանրական Աստվածը, ով բացի ռազմի եւ զորության աստվածային խորհրդից ունեցել է արեգակային Աստծու խորհուրդ։ Երկրում Վահագնը նաեւ կրակի Աստվածն էր, որ արիներին աջակցում էր պայքարելու խավարի դեմ… Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ անունը… Այսպես՝ հավատների «խաչասերումից», նաեւ որոշ արիական հետքեր են հայտնաբերվել շեղաչյաների բնատարածքներում, այդ թվում՝ Չինաստանում եւ Ճապոնիայում:

Արիական մշակույթի հետքեր՝ Ճապոնիայում

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին հյուսիս-արեւմուտքից Հնդկաստան ներթափանցեցին Հայ-Արիները, որոնց կենցաղի վերաբերյալ տեղեկություններ կան նաեւ վեդաներում: Արիների հայրենիքը գտնվում է արեւմուտքում, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի շրջակայքում: Ուստի, Արիների մուտքը Հնդկաստան կարող էր լինել միայն Հյուսիս-արեւմտյան կողմից: Այդ եղելությունը պարունակում է անժխտելի մի պատմական իրականություն: Դա Հայ-Արիների՝ Հայկական լեռնաշխարհից աշխարհով մեկ տարածվելու իրողությունն է: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում հիշատակություններ են եղել Ճապոնացիների նախնիների մասին: Նրանք դեռ այն ժամանակներում գտնվում էին Ասիայի մայրցամաքում: Արեւմուտքից եկած Արիների հետ նրանք շփվել են կղզիներ տեղափոխվելուց առաջ՝ Չինաստանում, Կորեայում… Արիներից նրանք սովորել են հողամշակություն, անասնապահություն, մետաղամշակություն եւ այլ գիտելիքներ…

Ճապոնիայի Ֆուձիյամա (Ֆուժիեամա, Ֆուձիսան, Ֆուձի) հրաբխի գագաթը ունի 3776 մ բարձրություն եւ, ի դեպ, ամենաբարձր կետն է Ճապոնիայում: Նա Ճապոնացիների շատ սիրած լեռն է եւ համարվում է նվիրական: Հնարավոր է, որ այներեն (այներ, ովքեր իրենց նախնիներին Հայկական լեռնաշխարհից եկածներին են համարում) Ֆուձիյաման սուրբ աստվածային լեռ է.

Ֆուսխի=Կրակի աստվածուհի, ճապոներեն՝ Յամա եւ սան=լեռ, գործող հրաբուխ է Հոնսյու կղզում, Ճապոնիայի առավել բարձր լեռնագագաթն է, որ 10 ամիս ձյունածածկ է: Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ: Այն կրոնական ուխտագնացության վայր է: Պետք է ավելացնել նաեւ Աստվածների կամքն ու ցանկությունը, որի շնորհիվ 27 լեռների գագաթներից անցնող Տեղադրական 13 առանցքների ուղղությունները իրար են հանդիպել Ֆուձիյամայի գագաթում: Ֆուձիյաման ճապոնացիների ազգային միասնության խորհրդանիշ է, ինչպես մեր Մասիսները…

Ճապոնացիների սինտոյական կրոնը որոշ առնչություններ է ունեցել հին Արիների հավատալիքների հետ: Ճապոնացիների եւ հայերի «նախնիների պաշտամունքը» ձեւավորվել է նույն գաղափարի ակունքներից եւ մինչ օրս էլ գործում է երկու ազգերի մոտ: Հայոց «մեռելոցի» ծիսակատարությունը նախնիների պաշտամունքի մի մնացուկ է, այն էլ կրոնաշղարշված: «Բարձր լեռների պաշտամունքը» եւս կիրառել են երկու ազգերը: Հայերի ու ճապոնացիների շատ սիրված «Արեգակի» կամ «Արեւի» պաշտամունքը նույնպես ունեցել է իր ուրույն նշանակությունը: Նույնիսկ ճապոնացիները իրենք իրենց համարում են Աստվածային «Արեգակի որդիներ» եւ պետական դրոշին էլ ձեւավորված է սպիտակ պաստառի վրա կարմիր կլորակը՝ արեգակը: Իրենց կայսրին անվանում են «Արեւորդի», ինչը հատուկ է միայն հայերին…

Հարց է ծագում. ճապոնացիները որտեղի՞ց են յուրացրել Հայ-Արիական մշակույթի սովորույթները, գաղափարները եւ գիտելիքները: Դրանց մի արձագանքն է ներկայում ճապոնացիների կենցաղում պահպանված հին Արիական սովորույթների շարունակությունը: Ֆուձիյամայի գագաթում իրար հանդիպող Տեղադրական առանցքների ուղղությունների տեսությունը եւս Արիների մշակույթ է:

Ֆուձիյամա լեռան վրա ճապոնացի կրոնավորների մենաստան կա: Բացի դա, կանոնավոր մի ճանապարհով ուխտավորները կարող են բարձրանալ լեռան բարձրադիր վայրերը: Ֆուձիյամա լեռը կրկնակի սրբազան վայր է: Նախ, որ լեռան գագաթում իրար են հանդիպել Տեղադրական առանցքների ուղղությունները: Եվ ապա՝ նույն Տեղադրական առանցքների իրար հանդիպման վայրում է կառուցված պաշտամունքի մենաստանը:

Արիական մշակույթի հետքեր՝ Չինաստանում

Անցյալի պատմական փաստերը ցույց են տվել, որ Հայ-Արիների մշակույթի եւ գաղափարախոսության հետ սերտ առնչություններ են ունեցել միջին կամ հեռավոր Արեւելքի, Եվրոպայի, Միջին, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք ազգերի մշակույթները: Արիական մշակույթի ազդեցություն կրող մի շարք ազգեր ջանք չեն խնայել եւ այսօր էլ շարունակում են ապացուցել իրենց՝ Համաշխարհային Արիական գաղափարախոսության իբր ռահվիրաններ եւ նախակարապետը լինելու հանգամանքը: Նրանք՝ անկախ իրարից, անտեսել են հայերին եւ նրանց համարել են եկվորներ, գաղթականներ, քոչվորներ կամ հայմատլոսներ (haymatlos, հայրենիք չունեցողներ): Ամեն բան եւ ամեն ինչ արվել է Հայի, Հայք-Հայաստանի եւ Հայ Աստվածների անունները աննշան դարձնելու համար…

Աշխարհում տարածված հայությունը թողել է իր հետքերը, որ անջնջելի են, որքան էլ մեզնից սերվածներն ու բազմիցս պղծվածները փորձեն ոչնչացնել այն… Հայը կարողացել է աշխարհի անկյուններում աշխատել, ստեղծել ու ապրել: Արիական գաղափարի մի արգասիքն է այդ բնավորությունը, որ զարգացել է բոլոր ասպարեզներում: Հայի համար խնդիր չեն եղել արհեստները, հաշվողական գիտելիքները, պաշտամունքը, աստղագիտությունը, ճարտարապետությունը, մետաղագործությունը, անասնաբուծությունը, բժշկությունը, հողամշակությունը, երկրաչափությունը եւ հազար ու մի այլ մասնագիտություններ:

Այս ամենը հասել է նաեւ Չինաստան: Պեկին մայրաքաղաքի հարավային դարպասի շրջանում, Զվարթնոցից 768 տարի հետո: «Երկնային տաճարի» կառուցված ժամանակ կիրառվել է մեր ճարտարապետությունը, երբ Զվարթնոցը վաղուց (Xդ.) պայթեցված էր արաբների կողմից՝ մեջը վառոդ լցված կճուճներով: Միջնադարյան Պեկինի նշանավոր պատմա-ճարտարապետական հուշարձաններից մեկն է «Երկնքի տաճարը»: Տաճարը կազմված է երկու մասերից: Վերեւի շրջանաձեւ հատակագծով ներսի մասը նվիրված է Երկնքին, հոգեւոր Աստծուն եւ Բուդդային: Իսկ քառակուսի հատակագծով արտաքին մասը պատկանում է երկրին, որի տերն է սատանան:

Սա «հուշում» է, որ սատանան գոյություն է ունեցել ավելի վաղ, քան երկնքի Աստվածը: Սատանան ունեցել է իր՝ ուրույն տաճարաշինության ոճը: Կրակապաշտության բագինները կառուցվում էին քառակուսի հատակագծի վրա: «Երկնքի տաճարի» կամ «Երկնային տաճարի» եւ դրա համալիրի առանցքներն ուղղված են չորս կույսերի ուղղությամբ: Առանցքներից արեւմտյան կողմի ծայրը ուղղված է դեպի նվիրական Խիաովուտաիշան (3491մ.) լեռան գագաթին: Դա հյուսիս-չինական հարթավայրի ամենաբարձր կետն է: Գտնվում է Պեկինից արեւմուտք, 110 կմ հեռու: Քաղաքաշինության ասպարեզում կիրառվել է Արիական մշակույթի «Առանցքների ուղղության սկզբունքը»: Պեկինի փողոցները կառուցվել են արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ ուղղություններով: Ընդունվել է քաղաքի առանցքները ուղղել «չորս կույսերի ուղղությամբ»: Ըստ գոյություն ունեցող առասպելական պատումների, Պեկինի՝ դեպի արեւելք ուղղված փողոցները գտնվում են «Կապույտ վիշապի» հայեցողության տակ: Դեպի հարավ ուղղվածները՝ «Կարմիր թռչունի», դեպի հյուսիս ուղղվածները՝ «Սեւ կրիայի» եւ դեպի արեւմուտք ուղղվածները՝ «Սպիտակ վագրի» հայեցողության տակ: Սակայն, դա առասպելական պատումի առերեւույթ արտաքին մասն է: Իրականում Պեկինի երկայնական առանցքն ուղղված է եղել քաղաքի արեւմտյան կողմը բարձրացած վերոհիշյալ՝ Խիաովուտաիշան լեռան գագաթին (ինչպես թամանյանական Երեւանն է նայում Մասիսներին,-խմբ.): Այստեղ հարց է ծագում: Չինացիներին ովքե՞ր են թելադրել կիրառելու «Առանցքների ուղղության տեսության» Արիական սկզբունքը եւ որ դրանով էլ մայրաքաղաքի երկայնական առանցքը ուղղված լինի դեպի հիշյալ նվիրական լեռան գագաթին: Այս բոլորից բացի, կարելի է ասել, որ Պեկին մայրաքաղաքը հիմնված է նվիրական մի վայրում: Դա որոշված է Աստվածների կամեցողությամբ եւ հաճությամբ, նվազագույն 12 լեռների ու բարձրությունների գագաթներից անցնող տեղադրական առանցքների իրար հանդիպման վայրում… Պեկինը մինչ չինական Մին հարստության կայսերական մայրաքաղաք լինելը կոչվում էր Խանբալիկ, եւ այնտեղ էր գտնվում մոնղոլ կայսրերի մայրաքաղաքը:

Վագրի ժամը

Հին Ճապոնիայում կենդանակերպի 12 նշաններ կային: Նշանները պատկերում էին այն կենդանիներին, որոնք, ըստ լեգենդների, տարբեր եղանակներով ժամանակին օգնել են աստվածներին: Այդպես ստեղծվեց կենդանակերպի տասներկուամյա շրջանը: Նույն կենդանիները, 24 ժամը բաժանելով իրենց մեջ, յուրաքանչյուրին 2-ական ժամ, դարձան նաեւ օրերի պահապանները: Եթե առասպելներում հանդիպեք «Դա տեղի ունեցավ վագրի առաջին ժամին» արտահայտությանը, ապա պիտի հասկանալ, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում: Ժամանակի տիրակալների իշխանության ուրվագիծը հետեւյալն է. գիշերվա ժամը 1-3-ը՝ ցուլ (ուսի), 3-5-ը՝ վագր (տորա), 5-7-ը՝ նապաստակ, ճագար (ու), 7-9-ը՝ վիշապ (տացու), 9-11-ը՝ օձ (մի), 11-13-ը՝ ձի (ումա), 13-15-ը՝ ոչխար, այծ (խիցուձի), 15-17-ը՝ հավ, աքլոր (տորի), 19-21-ը՝ շուն (ինու), 21-23-ը՝ մուկ, առնետ (նե): Ամենասարսափելի ժամանակն այն էր, երբ չար հոգիները դուրս էին գալիս մութ գործեր կատարելու: Դա մկան, ցուլի եւ վագրի ժամանակն էր, այսինքն՝ ժամը 23-ից մինչեւ առավոտյան 5-ը:

Կան նաեւ այլ տվյալներ 5 տարրերի եւ 7 չակրաների մասին: 7 չակրաների մասին ասված է՝ 1. Սահասրարա՝ ճակատ – միտք/անսահման տարածություն. 2. Աջնա՝ երրորդ աչք – լույս/ստվեր, 3. Վիշուդհա՝ կոկորդ – եթեր/ձայն, 4. Անահատա՝ սիրտ – օդ, 5. Մանիպուրա՝ պորտ – կրակ, 6. Սվադհիստանա՝ սրբոսկր – ջուր, 7. Մուլադհարա՝ արմատ – երկիր մոլորակ: Տարբերություններ ունենք բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը): Ըստ ճապոնական տեսության՝ 5 տարրերը դասակարգվում են հետեւյալ բնութագրական հատկանիշներով. 1. Երկիր մոլորակը ներկայացնում է պինդ, կարծր նյութերը, 2. Ջուրը ներկայացնում է հեղուկ նյութերը, 3. Կրակը ներկայացնում է քանդող, ոչնչացնող իրերը, 4. Օդը ներկայացնում է շարժվող իրերը, 5. Դատարկ տարածությունը ներկայացնում է իրերը ոչ մեր առօրյա կյանքից: 5 տարրերը չինական տեսությամբ դասակարգվում են հետեւյալ բովանդակությամբ. 1. Փայտը սնում է կրակը, 2. Կրակը ստեղծում է Երկիր մոլորակը, 3. Երկիր մոլորակը կրում է մետաղ, 4. Մետաղը հավաքում է ջուր, 5. Ջուրը սնուցում է կրակը: Կամ՝ հետեւյալ իմաստով. 1. Փայտն անջատում (ստեղծում) է Երկիր մոլորակը, 2. Երկիր մոլորակը ներծծում է ջուր, 3. Ջուրը սնուցում է փայտը, 4. Կրակը հալեցնում է մետաղը, 5. Մետաղը կոտրում է փայտը:

Իսկ չինական կենդանակերպը հայտնի է շատերին, որով այսօր անգամ հայերն են ուղղորդվում, ինչը սխալ է, ինչի մասին գրել եմ քանիցս… Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ չինական կենդանակերպի փոխարեն մենք հայերս ունենք ավանդական կենդանաշրջանը՝ Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Հայ արիները առաջարկել են վերականգնել հայկական կենդանաշրջանի ազդեցությունը մեր կյանքում, որպեսզի այդ տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք, եւ այնտեղից ետ գան՝ բերելով մե՛ր ցանկությունների պատասխանների ու մաղթանքների դրական լիցքերը… մե՛ր լիցքերը՝ հայի ու Հայքի առաքելության համար… Սակայն…

Իսկ շեղաչյաների համար այսօր առավելապես բուդդայականությունն է հավատի աղբյուրը: Բուդդայականությունը աշխարհի հնագույն կրոններից է եւ հանդես է գալիս Արեւելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում: Բուդդայականությունը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երեւույթ ընդդեմ քարացած ուղղափառ բրահմայությանը եւ արտաքին ծիսակարգերին, այն չընդունեց ինչպես բրահմայական ուսմունքները, այնպես էլ վեդայական սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա: Դրա հետ մեկտեղ այս կրոնը հանդիսանում է ուպանիշադի փիլիսոփայության կրկնություն՝ նոր տրամաբանությամբ: Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու եւ մոկշային կամ նիրվանային հասնելու հնարավորությունը, աշխարհի ու անհատականության փոփոխական լինելու գաղափարը ընդհանուր են եւ ուպանիշադի եւ բուդդայի համար: Այսպիսով՝ բուդդայականությունը հայտնվեց, որպեսզի մաքրի կրոնի ակունքները, սակայն Բուդդան ոչ միայն ակունքների մաքրագործող էր, այլ ստեղծեց կատարյալ, կենդանի մի ուսմունք, որն ընդունակ է ինքնամաքրման եւ ինքնաբացահայտման: Այսպես են կարծում այս հավատի հետեւորդները:

Հնդկաստանի փիլիսոփայական այն դպրոցները, որոնք շեշտում են ճակատագրապաշտությունը, բուդդայականությունը կարեւորում է այլ սկզբունքով։ Մ.թ.ա. I դարում այս կրոնը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) եւ մանայանա (փրկության մեծ մարդակարգ)։ Վերջինիս միջոցով էլ բուդդայականությունը տարածում գտավ աշխարհում ու դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով եւ հարմարվելով այդ երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ: Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում եւ կոչվեց լամայականություն...

Սինտոյականությունը (սինտոյիզմ, ճապոներեն՝ սինտո, թարգ.՝ աստվածների ուղի) ճապոնական հնագույն կրոնը։ Դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից եւ հոգիներից։ Դիցարանը գլխավորում է արեւի Աստվածուհի Ամաթերասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ 1868թ. այս կրոնը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն։ 1947թ.սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին եւ այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոյականությունը չունի որեւէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր եւ հեղինակություն։ Սինտոյականները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը եւ գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք եւ բնության երկրպագում։ Այս կրոնը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու եւ իրերի բնական կարգին հետեւելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնության օրենքների համաձայն՝ պահպանելով հանդերձ հասարակական օրենքները»։ Սինտոյական պաշտանմունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք Ճապոնիայի տարբեր շրջաններում տարբեր են եղել։ Գոյության հարյուրամյակների ընթացքում սինտոյականությունը կրել է բուդդայականության, կոնֆուցիանականության եւ այլ դավանանքների ազդեցությունը։ Այդ պատճառով այստեղ չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք։ Թեեւ երկարամյա պատմությամբ ձեւավորվել են որոշակի հատկանշական գծեր, որոնցով այդ կրոնը տարբերվում է մյուսներից։

Սինտոյականության մասին տեղեկություններ կան «Կոձիկի» («Հին ժամանակների գրառումներ», 712թ.) եւ «Նիհոնգի» («Ճապոնիայի տարեգրություններ», 720թ.) ճապոնական աղբյուրներում։ Ճապոնական ժամանակագրությունները հավաստում են, որ ի սկզբանե աշխարհում քաոս է տիրել, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է՝ երկինքը զատվել է երկրից, առանձնացել են արական եւ իգական տարրերը. առաջինն ի դեմս Իզանամի դիցուհու, երկրորդը նրա ամուսնու՝ Իզանագիի։ Նրանցից ծնվել են արեւի դիցուհի Ամաթերասուն, լուսնի աստված Ցուկույոմին եւ քամու ու ջրի աստված Սուսանոոն։ Ամաթերասուն եւ Սուսանոոն պայքարում են իրար դեմ։ Հաղթում ու երկնքում է մնում Ամաթերասուն, իսկ Սուսանոոն արտաքսվում է Իձումո երկիր՝ գետնի վրա։ Սուսանոոյի որդի Օկունինուշին դառնում է Իզումոյի տիրակալը։ Ամաթերասուն չի հաշտվել այդ բանի հետ եւ ստիպել է Օկունինուշիին կառավարումը հանձնել իր թոռանը՝ Նինիգիին։ Նինիգին իջնում է երկնքից եւ անցնում Իզումո պետության կառավարմանը։ Ի նշան իշխանության, նրան հանձնել են 3 սուրբ առարկա՝ հայելի (աստվածայնության խորհրդանիշ), թուր (հզորության խորհրդանիշ) եւ հասպիսից զարդը (հպատակների հավատարմության խորհրդանիշ)։ Նինիգիից է սերվել Ջիմու-տենոն (տենո տիտղոսը նշանակում է «Գերագույն տիրակալ»)՝ Ճապոնիայի առասպելական առաջին տիրակալը, ումից սկզբնավորվել է ճապոնական կայսրերի՝ միկադոների դինաստիան։ Հայելին, թուրն ու հասպիսն այն վաղեմի ժամանակներից մնում են որպես ճապոնական կայսերական տան խորհրդանիշներ։

Սինտոյի պաշտամունքային գործողությունը որոշակի տաճարի աստվածության երկրպագումն է, որը, ըստ էության, կապ չունի մյուս տաճարների հետ։ Սինտոյական տաճարների ծեսերի նպատակը տեղական աստվածությանը բերկրանք պատճառելն է։ Արարողությունների պարզությունը, որ մարդկանցից պահանջում է սոսկ նվիրաբերումներ եւ ծիսական ամենահասարակ գործողություններ, հարյուրամյակների ընթացքում սինտոյի կայունության կարեւորագույն պատճառն են։ Տաճարում կատարվում են տարբեր կարգի ժամերգություններ։ Հավատացյալները կանգնում են բեմի առջեւ, որեւէ մետաղադրամ գցում հատուկ վանդակավոր արկղի մեջ, խոնարհվում, մի քանի անգամ ծափ տալիս եւ արտասանում աղոթքի խոսքեր։ Տաճարը կազմակերպում է նաեւ զանազան տոնահանդեսներ։ Տոնահանդեսները կազմակերպվում են տարին մեկ, իսկ որոշ տաճարներում՝ երկու անգամ։ Սովորաբար տոնահադեսը՝ մացուրին կապված է գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու, բերքահավաքի, ինչպես նաեւ տաճարի կամ տեղական աստվածության պատմության որեւէ հիշարժան տարեթվի հետ։ Տոնը նշվում է շատ շքեղորեն։ Տաճարի սպասավորները դրա մասին տեղեկացնում են ոչ միայն առհասարակ տաճարն այցելողներին, այլեւ ամբողջ շրջանին։ Մացուրին հավաքում է անհամար թվով մարդկանց։

Թեեւ աստվածությունների պաշտամունքում միասնություն չկա, սինտոյական տաճարների կառուցվածքը, այնուամենայնիվ, միակերպ է։ Յուրաքանչյուր տաճարի հիմքը հոնդենն է (սրբարանը), որտեղ պահվում է շինտայը՝ «կամիի մարմինը», մի առարկա, որում, ըստ հավատացյալների, բնակվում է կամիի ոգին։ Հոնդենին հարում է հայդենը՝ աղոթարանը։ Տաճարներում չկան աստվածների պատկերներ, սակայն որոշ տաճարներ զարդարված են առյուծների կամ այլ կենդանիների նկարներով։ Ինարիի տաճարներում կան աղվեսների, Հիեի տաճարներում՝ կապիկների, Կասուգայի տաճարներում՝ եղջերուների պատկերներ։ Այդ կենդանիները համարվում են համապատասխան աստվածությունների պատգամաբերներ։ Այս ամենը վկայում է սինտոյի կապը ժողովրդական յուրահատուկ հավատալիքների հետ։

Կամիդանա (ճապոն.՝ բառացի՝ տախտակ կամիի համար), սինտոյական տնային սրբապատկերների դարակ կամ պահարան։ Կամիդանան տախտակ-պատվանդան է։ Տախտակի մեջտեղում դրվում է տայման (նվիրատվությունը), որը կարող է լինել բրինձ, սակե եւ սակակիի (սինտոական սրբազան մատղաշ ծառ) ոստ։ Սինտոյականությունը ճապոնացիների մեջ հատուկ հայացք է ձեւավորել աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ։ Դա հիմնվում է 5 հայեցակարգերի, որոնց կանդրադառնանք այլ առիթով:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։