Թե որոշել ենք սպասարկող էլ մնանք, մեզ այս մեկ էներգաբլոկն էլ հերիք է – Այս երկարաձգման հետեւանքով ՀԱԷԿ-ը կաշխատի եւս 10 տարի։ Դրանից հետո… Գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985թ. հարթակն նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկերի համար: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց – ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառուցել նույն հարթակում… / ՀԱԷԿ-ի կանգնելը սակագնի վրա չի ազդի…

Թե որոշել ենք սպասարկող էլ մնանք, մեզ այս մեկ էներգաբլոկն էլ հերիք է

Ուղիղ մեկ շաբաթ առաջ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն այցելեց Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը։ Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում, արդիականացում։

Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է եւ սկսվելու են լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ։ Հունիս 1-ից կկանգնեցվեն ռեակտորը եւ թիվ 3-րդ տուրբոագրեգատը։ Նախատեսված է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին։ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1-ին։ Նախարարը հայտնեց, որ նախապատրաստական հիմնական աշխատանքները կատարելու է ռուսական կողմը։ Անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, դրանք բոլորը արդեն ատոմակայանում են։

Ընդհանրապես թե ինչ ձեւով կարվեն ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչ սարքավորումներ կօգտագործվեն, ինչքան գումար անհրաժեշտ կլինի դրա համար, «Լուսանցք»-ը նախորդ 2 թողարկումներում ներկայացրել է:

Եվ մենք արդեն ասել ենք, որ  այս երկարաձգման հետեւանքով ՀԱԷԿ-ը կաշխատի եւս 10 տարի։ Դրանից հետո, նախարարի խոսքերով, համապատասխան փորձագիտական, մասնագիտական խորը վերլուծություններ կիրականացվեն եւ կորոշվի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ նորից երկարաձգել, թե՞ ոչ։  

Իսկ ինչո՞ւ խոսք չկա նոր ԱԷԿ-ի մասին։ Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Արթուր Գրիգորյանն ասել էր, որ այս պահին նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Գրիգորյանին նոր պաշտոնում նախարարության աշխատակազմին ներկայացնելիս, ասել էր, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Վարչապետի հետ քննարկումներ չե՞ն եղել այս թեմայով։ «Մենք չենք քննարկել նմանատիպ հարց վարչապետի հետ, կարճ ժամանակ է, որ կառավարությունը ձեւավորված է, եւ ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն՝ քննարկելու նոր ատոմակայան կառուցելու համար»,-ի պատասխան հարցադրումների հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը։

Ես փորձեցի հասկանալ, թե ինչո՞վ է հիմնավորվում այս պահին նորի չլինելու անհրաժեշտությունը։ Նմանատիպ այլ հարցադրումներ էլ հնչեցին։ Պատասխանը հակիրճ էր. «Հայաստանի ներքին շուկայի սպառման համար այսօր ունենք բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ»։

Ես նորից փորձեցի հասկանալ, թե ինչ է նշանակում անհրաժեշտության չլինելը (այս մասին որոշ կրճատումներով հրապարակում արել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։ Չէ որ եթե այսօր ներքին շուկայի սպառման համար բավարար է, ապա վաղը, տնտեսության զարգացմանը, ռեա՛լ զարգացմանը զուգահեռ, բավարար չի լինի։ Բացի այդ՝ մեր ազգային անվտանգության ռազմավարական դրույթներում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ի համար միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի (պատճառներն էլ են, ի դեպ, նշված)։ Նաեւ՝ եթե վաղը այդ անհրաժեշտությունը ծագի, ինչ ենք անելու, ինչպես ենք հասցնելու, չէ՞ որ, ասենք, այս կարգի ատոմակայան կառուցելը 7-8 տարի է պահանջում։

Մեր այս դիտարկմանն ի պատասխան Արթուր Գրիգորյանը նշեց. «Խնդրում եմ հանգիստ լինեք այս առումով։ Անհրաժեշտություն կա-ի, անհրաժեշտություն չկա-ի, վերջնաժամկետներով, նախաժամկետներով… ամբողջությամբ տիրապետում ենք։ Եթե զգանք, որ այլեւս հնարավորություն չունենք եւ պետք է կառուցենք բոլորովին նոր ատոմակայան, ճիշտ ժամանակին եւ ճիշտ օրը մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքները»։

Այստեղ ուզում եմ նախարարին ասել, որ հանգիստ լինել չեմ կարող, քան որ դեռ նախորդ նախարար Աշոտ Մանուկյանից զգացել եմ, որ ԱԷԿ-ի գլխին ուզում են քար գցել, եւ այդ մասին համապատախսան հրապարակում եղել է «Լուսանցք»-ում: Աշոտ Մանուկյանը խոսում էր 50 ՄՎտ-անոց ԱԷԿ-ներից: Եվ երբ ասացի, որ 50 ՄՎտ-անոցից փոքրն էլ կա. Չինաստանն արդեն սկսել է 10 ՄՎտ-անոցի փորձարկումը եւ որ, այնուամենայնիվ, դա դեռ արտադրությունում չկա, այլ՝ գիտական փորձարկումներ են, իսկ մենք ժամանակ չունենք սպասելու, մանավանդ որ Թուրքիան է ոլորտում աշխուժանում, նա էլ ինձ խորհուրդ տվեց չանհանգստանալ:

Բայց մասնագիտական հոտառությունս ինձ հանգիստ չի տալիս, եւ ես բոլոր պատճառներն ունեմ այս հարցով անհանգստությունս արտահայտելու: Հետեւաբար՝ որոշ ժամանակ անց (Աշոտ Մանուկյանի ասածից հետո) պաշտոնական գրությամբ դիմեցի նույն նախարարությանը, թե ի վերջո մենք ուննալու՞ ենք նոր ԱԷԿ եւ ի՞նչ կարգի ԱԷԿ է դա լինելու:

Պատասխանը հետեւյալն էր. ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը պետք է լինի անվտանգության առնվազն 3 կամ 3+ սերնդի, պետք է բավարարի ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին, պետք է լինի արդեն իսկ փորձարկված եւ շահագործվող տեխնոլոգիա: ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ, մինչեւ 2036թ., զարգացման ուղիներ ծրագրի համաձայն նպատակահարմար է ՀՀ-ում կառուցել մինչեւ 600 ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ(ներ): Հայստանի Հանրապետությունը այն եզակի պետություններից է, որն ունի ՋՋԷՌ (ջուր ջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորով կահավորված էներգաբլոկի շահագործման ավելի քան 40 տարվա փորձ, հետեւաբար նպատակահարմար է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը կառուցել օգտագործելով նմանատիպ էներգետիկական ռեակտորների ժամանակակից տարբերակները:

Գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985թ. հարթակն նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկերի համար: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց:

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառուցել նույն հարթակում:

Պատասխանից հետեւում է, որ մենք աշխատանքները օր առաջ պետք է սկսենք:

Հիմա նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանն ասում է. Եթե զգանք, որ այլեւս հնարավորություն չունենք եւ պետք է կառուցենք բոլորովին նոր ատոմակայան, ճիշտ ժամանակին եւ ճիշտ օրը մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքները»։

Ախր, պարոն նախարար, նախապատրաստական աշխատանքները սկսված են, ու վաղուց են սկսված, նույնիսկ տեխնիկատնտեսական հաշվարկներ են արվել, տարիներ անց վերահաշվարկ էլ արվել է՝ միջազգային շուկայում գնային փոփոխություններով պայմանավորված, համապատասխան օրենսդրական հիմքը կա, մի պահի նույնիսկ բանակցություններ սկսվեցին: Դուք նախապատրաստական աշխատանք ասելով ի՞նչ նկատի ունեք:

Բացի այդ՝ եթե ընդունենք, որ այսպես ասած՝ «նոր իրողություններով» պայմանավորված անվտանգության հայեցակարգում փոփոխություններ լինեն, չեմ կարծում, որ դրանք կառնչվեն Հայկական ԱԷԿ-ին: Մանավանդ, որ ԱԱԽ նոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ անվտանգության հայեցակարգում փոփոխություն չի լինելու, եւ «փոփոխություններ են լինելու միայն մոտեցումներում: Նույն կոռուպցիան եւ այլ հարցեր դառնալու են անվտանգության խնդիրներ»:

Լավ կլինի, որ մենք չսպասենք գիտական նորարարություններին: Թուրքիան հիմար չէ, որ չի սպասում, ոլորտում որոշել է ոտքի տեղ անել ավանդական ուղով (աջակցում է Ռուսաստանը):

Մանավանդ, որ այդ նորամուծությունները միշտ ավելի թանկ են լինում: Թանկ չե՞ն լինի, ապագայում կօգտվենք, չէ որ Մեծամորի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկի համար (ներկայիս էներգաբլոկի չափերով): Ի վերջո, եթե ուզում ենք տնտեսություն զարգացնել, մեզ էլէներգիա է պետք:

Իսկ եթե որոշել ենք սպասարկող երկրի դերում մնալ, մեզ այս մեկ բլոկն էլ լիուլի բավարար է… Հետո կմնանք ԱԷԿ-ներ ունեցող Թուրքիայի դեմ հանդիման: Իսկ Թուրքիան առնվազն 3-ը նախատեսում է ունենալ առաջիկա 5 տարիներին:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարները՝ հեղինակի

ՀԱԷԿ-ի կանգնելը սակագնի վրա չի ազդի

Լրագրողներիս հետաքրքրում էր նաեւ, թե ՀԱԷԿ-ի վերանորոգումն ինչ կարգի ազդեցություն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Ի պատասխան նախարարը պարզաբանեց, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի երկամսյա վերանորոգումը հանրապետությունում անխափան էլեկտրամատակարարման հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնի։ Եվ նաեւ վերանորոգումն ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Միանշանակ սակագնի վրա չի ազդելու, կանգնեցվելուն զուգահեռ ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էներգամատակարարումն ապահովելու։ Աշխատելու են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, Երեւանի ՋԷԿ-ը»,- նշեց Արթուր Գրիգորյանը։

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն էլ նույնը հաստատեց:

http://www.hayary.org/wph/?p=6972 - ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում. որքան գումար կպահանջվի… Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին – Լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիս»-ի մինջեւ… / Վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ չի բերի ծրագրի՝ 300 մլն. դոլար գնի փոփոխության

http://www.hayary.org/wph/?p=6957  Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…

http://www.hayary.org/wph/?p=2897  Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՛ր ռիսկերը

http://www.hayary.org/wph/?p=6880  Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

http://www.hayary.org/wph/?p=6865  Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

http://www.hayary.org/wph/?p=2833  Հայկական ատոմակայանը՝ կենսական եւ ինքնապաշտպանական միջոց

http://www.hayary.org/wph/?p=1940  Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին

http://www.hayary.org/wph/?p=946  Ատոմակայան՝ հայկական օրենքներով 

http://www.hayary.org/wph/?p=5115  Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

http://www.hayary.org/wph/?p=3158  Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…

http://www.hayary.org/wph/?p=5154  Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

http://www.hayary.org/wph/?p=3205  Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

http://www.hayary.org/wph/?p=3149  Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք…

http://www.hayary.org/wph/?p=3598#more-3598  Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։