Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծանուն մարզիկ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ:
ՀԱՕԿ-ն առաջին անգամ կլուսաբանի հայկական ֆուտբոլը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսուհետ հանրությանը կներկայանա նոր կայքէջով: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Մեր նպատակն է արդիականացնել կոմիտեի կայքէջը, որպեսզի այն հնարավոր լինի դիտել տեխնիկական բոլոր միջոցներով, այդ թվում բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ այլն: Մենք առաջին հերթին կլուսաբանենք հայկական սպորտը, որը շատ քիչ տեղ է զբաղեցնում հանրապետության լրատվամիջոցներում»,- հավելել է ՀԱՕԿ-ի պաշտոնյան:
Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ-ը սկսելու է լուսաբանել նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ինչը մինչ այսօր չի արվել, Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Ֆուտբոլը նույնպես պատշաճ ձեւով է մատուցվելու, ինչպես բոլոր մարզաձեւերը, սակայն կան հարցեր կապված հեղինակային իրավունք ձեռք բերելու հետ: Այդ հարցը ընթացքում կկարգավորենք»:
Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի եւ մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով եւ գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձեւերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, եւ անգամ, թողարկված նամականիշերի եւ մետաղադրամների պատմությանը:
Ավետիս Բայրամյանի հեղինակությամբ դեռեւս 2005թ. հրատարակվել է նաեւ «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, եւ այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար կլինի ինչպես մարզիկների եւ մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից եւ մասնագիտությունից: Continue reading



