Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք
Այսօր էլ դեռ չենք կարողանում ստեղծել մտավորականության այն կորիզը, որի շուրջը կհամախմբվեն մյուսները: Նման կորիզ կար անգամ ԽՍՀՄ տարիներին, երբ մարդիկ շրջում էին Երեւանում, որպեսզի հանդիպեն նրանց, տեսնեն, թեկուզ մեկ անգամ խոսեն: Մարդիկ հավատում էին նրանց: Մտավորական փաղանգը կար նաեւ արդեն սեւացող 1915-ին, որին էլ թուրքերը առաջիններից տարան գնդակահարության՝ հասկանալով, որ այդպես գլխատում են հայությանը:
Բայց այսօր մենք, ավելի քան 100 տարի հետո, չունենք այդ կորիզը, որ պատիվ ու ապրած կյանքի արժանիք պիտի համարեր գնդակահարությունը թշնամու կողմից…
Ոչ ոք չի ժխտում, որ ունենք անհատ մտավորականներ, իսկապես կան, որոնց խոսքը իրապես լսվում եւ արժեքավոր է համարվում, բայց համախումբ մտավորականություն այդպես էլ չի ստեղծվում: Մեր ոչ հեռավոր եւ վերոնշյալ ժամանակներում հայ մտավորականության հիմքը կազմել են գրողները, հետո նկարիչներն ու քանդակագործները, դերասաններն ու մամուլի ներկայացուցիչները, երաժիշտներն ու ասմունքողները, գիտական աշխարհի մարդիկ եւ այլն: Բայց այսօր որեւէ արվեստի կամ արհեստի կառույց չի կարողանում ստանձնել նախնական աշխատանքը եւ կազմակերպել մտավորականության համախմբումը:
Եթե 100 տարի առաջ հայությունը չկորցներ իր մտավորական փաղանգին, ապա ինքնապաշտպանվելու հարցերին ավելի շուտ կանցներ, քան դա եղավ կուսակցական ու կրոնական կառույցների ներքին ու արտաքին տարաբնույթ խաղերի միջոցով:
Այսօր, երբ երկրի մշակույթի նախարարությունը տանուլ է տալիս մեր արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը, մի նոր ահազանգ է հնչել՝ հայոց ինքնությունը պաշտպանելուն ուղղված:
Միշտ սպասում են, որ գոնե գրողների միությունը կանի առաջին քայլը, ինչպես արեցին Շիրազը, Սեւակը, Իսահակյանը, եւ կգան միանալու մշակույթի ու արվեստ-արհեստների մյուս բնագավառների ներկայացուցիչները, բայց…
Այսօր շատ ենք լսում, թե «սովետական տարիներից մինչ օրս Գրողների միությունում ոչինչ չի փոխվել»… Իհարկե, ամբողջությամբ համաձայն չենք ասված մտքի հետ, սակայն դա չէ էականը: Սովետական տարիների գրողների համայնքի մակարդակը գուցե այսօր էլ բավարարեր մեր նշած կարեւոր գործը սկսելու համար, ուստի համեմատությունները խիստ անհատական են:
Մի բանում չենք կարող չհամաձայնել, որ այս կամ այն միության նախագահի ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվում երկրի նախագահի ընտրություններից: Այ սա է վատը: Քաղաքական ընտրությամբ մտավորականը չի կարող բարեփոխել իր ասպարեզը, ապաեւ՝ ազգայինը: Continue reading →