– Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են…
– Տագնապ, որը գաղափարական չէ (ԲՀԿ-ն կոալիցիա վերադառնա՞)…
– Սպասված խայծը (բուրժուա-դեմոկրատակա՞ն, թե՞ օլիգարխիկ հեղափոխոււթյուն… Իսկ հետո՝ բանվորա-գյուղացիակա՞ն)…
Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք
Աջափնյակում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացնելիս ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստների ծեծի են ենթարկել: Ծեծի ենթարկվածին շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Մյուսները ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ հաղորդում են տվել: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, նշվում է. «Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել է ՀԱԿ-ի 2 ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում: Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա 4-րդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել մեր քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները, 3 դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, այս դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը… Հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:
Իհարկե, նախընտրական խառնակչություններն անպակաս են մեզանից, նաեւ այս հերթական՝ Երեւանի ավագանու ընտրությունից: Եվ անվիճելի է, որ ամեն ինչ պետք է անել, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը անխոչընդոտ իրականացնեն իրենց քարոզարշավը: Բայց լավ իմանալով ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորների (ՀՀԿ եւ ՀԱԿ (ՀՀՇ)) սադրելու եւ «սադրվելու» կարողությունները, ինչպեսեւ հաշվի առնելով ՀԱԿ-ի հայտարարության միանշանակ քաղաքական բնույթը (խնդիրը ոչ թե մեղավորներին գտնելն ու պատժելն է, այլ Սերժ Սարգսյանի վրա ցեխ շպրտելը), կարող ենք ենթադրել, որ դեռ հարց է, թե որ կողմն է սադրել ու «սադրվել»՝ անգամ վնաս կրելով: ՀԱԿ-ը առաջին անգամ չի ապացուցում, որ անգամ զոհերի գնով պատրաստ է հասնել իշխանության… Ահա ինչու է անչափ կարեւոր, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերը համակողմանի, հանգամանալից պարզաբանվեն:
Այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստ (իրականում՝ ՀԱԿ-ի կցորդ) Վարդգես Գասպարին էլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ է սադրում եւ «սադրվում», անգամ հայտարարել է, թե ոստիկանապետը խոստացել է իր գլուխը պոկել եւ մարմինը մաս-մաս անել: Ու որպեսզի ոստիկանապետը դա իրականացնի (այսինքն՝ ամեն ինչ արվում է դրան հասցնելու), «անձնազոհ» քաղաքացիական ակտիվիստը վզին գրություն կախած. «Ոստիկան ստախոս, ոստիկան՝ սրիկա», հերթապահում է Վլադիմիր Գասպարյանի տան մոտ:
Ինչ մնում է այն բանին, թե պատճառն այն է, որ նրան վրդովվեցրել է Երեւանի նոր ոստիկանապետի նշանակումը, ապա շատ կուզենայինք հավատալ: Շատերս ենք պատասխանի սպասում, թե անգամ ՄԻԵԴ վճռի առկայության պայմաններում, ըստ որի՝ 2004թ. Գրիշա Վիրաբյանին խոշտանգել է Աշոտ Կարապետյանը, ինչպես է Երեւանի ոստիկանապետ նշանակվել: Անգամ պաշտպանում ենք Գասպարիի պոռթկումը եւ ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազություն: Բայց ՀՀ ոստիկանապետին սադրանքների մղելու «ծեսը» հաստատ իրենը չենք համարում:
ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը արձագանքել է ՀԱԿ կուսակցության հայտարարությանը. «Դատապարտում ենք ցանկացած բռնություն եւ անթույլատրելի ենք համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ ենք անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»: Ցավոք, այստեղ էլ կիսատ հարցեր են մնացել, չի հաստատվել կամ հերքվել այն մեղադրանքը, որն հնչել է ՀԱԿ հայտարարությունում, թե 3 դեպքում ՀՀԿ-ի կողմից է եղել բռնություն, 1 դեպքում էլ՝ ոստիկանության:
Continue reading →