«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից, չնայած քաղաքականությամբ զբաղվող շատ ընկերներ ունեմ, բայց ես նրանց հետ խոսում եմ երաժշտության, արվեստի մասին ու ստեղծագործական այլ հարցերի մասին: Մենք ունենում ենք բավարար նյութ ընտրությունների մասին չխոսելու համար»,- այսպես է արձագանքել ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, որը տվել են նրան լրագրողները՝ ապրիլի 5-ին Մոսկվայում համերգից առաջ:
Համերգին, շուրջ 2 ժամ առանց դադարի Շառլ Ազնավուրն անսամբլի ուղեկցությամբ, որի կազմում է նաեւ նրա դուստր Կատյան, կատարել է նոր երգեր եւ հին ստեղծագործություններ: Համերգի վերջում հանելով կոստյումը՝ երգել է ռուսերեն եւ ծափահարությունների ներքո պարել «Գնչուհին» երգի տակ: «Հավերժ սեր» երգը ռուսերեն լեզվով հռչակավոր երգիչը երգել է Կրեմլի մեծ դահլիճում՝ երկու օր առաջ կայացած համերգի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երգիչը սեր է խոստովանել ռուսական երաժշտությանը եւ հատկապես Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսներին, որոնք սիրել է լսել Ազնավուրի հայրը: «Իմ հայրը շատ լավ խոսում էր ռուսերեն, նաեւ վրացերեն, հայերեն: Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»,- բեմից ասել է Շառլ Ազնավուրը:
Դառնալով ընտրական թեմային՝ նշենք, որ աշխարահռչակ հայորդին հավաստել է, որ «ով էլ լինի իմ ժողովրդի ընտրյալը, ես ընդունում եմ: Եթե ժողովուրդն է ընտրել նրան, ապա նա իմ նախագահն է: Ես անկեղծ կլինեմ, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր եւ քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը: Այդ պատճառով ինձ համար ամեն ինչ գերազանց է»,- ասել է նա: Continue reading



