Սույն հոդվածը մեր պետության պաշտոնական դիրքորշումն է Արցախի (Լեռնային Ղարաբաղի – ԼՂ) հիմնախնդրի վերաբերյալ, ինչը կարեւորում եւ հրապարակում ենք՝ մեր պետական քայլերի հաջորդականությունը եւ հետեւողականությունը հասկանալու համար:
Պատմական տվյալներ
Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:
Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արեւելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետեւ՝ արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):
Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլեւայլ նվաճողների վերահսկողության ներքո՝ մնալով հայկական եւ ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած 5 (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման եւ հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ-Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:
Մինչխորհրդային ժամանակաշրջան
Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում 3 ազգային պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: ԼՂ բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը ԼՂ-ն հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ կառավարություն: 1918-1920թթ. ԼՂ-ն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունը:
ԼՂ ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների:
1918թ. մայիսից մինչեւ 1920թ. ապրիլը Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ եւ ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց եւ տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Բայց դրանով հնարավոր չեղավ պարտադրել ԼՂ-ի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Continue reading



