Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը
Խեղդողը ռուսակա՞նն էր
Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից հետո ասացինք, թե լավ է իհարկե, որ ՀՀ կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից 2013թ. մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ երկու տարի առաջ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Գուցե կրկնվում ենք, բայց այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ պիտի տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Դարձյալ կրկնվենք, բայց քաղաքական լեզվով ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական գործընկեր ու դաշնակից Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:
Մի խնդիր էլ կար. բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից վարկեր է վերցնում) արդեն դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր այդ օրերին եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75% տարեկան տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը նվազել են, սկսել են ավելի թանկ պայմաններով առաջարկել)։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:
Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։ Հիմա կրկին ուզում ենք եվրապարտատոմսեր թողարկել, բայց, հնարավոր է, առաջինի նման դրանք չսպառվեն, քանզի ռիսկերն ավելի են մեծանում:



