Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ – Եվրոպայում այսպես էլ են մտածում
Գերմանիայի Բունդեսթագում «Ձախերի» առաջնորդ Գրեգոր Գիզին, ելույթ ունենալով ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումների ժամանակ, կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի հարցում թե՛ Անգելա Մերկելի ցուցաբերած դիրքորոշման եւ թե՛ ամբողջ Արեւմուտքի վարած քաղաքականության վերաբերյալ: «Պուտինը ցանկանում է Ուկրաինայի ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով: Նա չի հասկացել, որ նման խնդիրները չեն լուծվում ոչ զինվորներով եւ ոչ էլ զենքով: Նա մտածում եւ գործում է սխալ կերպով: Մենք քննադատում ենք նրան, սակայն դա նույն գործելաոճն է, որը տիրում էր Արեւմուտքում՝ Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբիայի դեպքում: Չնայած Պուտինի քայլերը քննադատելի են, սակայն պետք է հասկանալ, թե ինչ պատճառով է սրվել իրավիճակը: Պիտի նկատել, որ Սառը պատերազմից հետո այն ամենը, ինչ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող էին սխալ անել, արել են սխալ»,- ասել է նա:
Արեւմուտքի գլխավոր սխալների շարքում նա առանձնացրել է ՌԴ առաջարկի մերժումը՝ կապված ՆԱՏՕ-ի լուծարման հետ, ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնվելու խոստման խախտումը, Լեհաստանում ու Չեխիայում հրթիռային համակարգերի տեղադրումը, ինչպեսեւ՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումը Սերբիայի նկատմամբ: «Եթե բազմաթիվ երկրներ, որոնք խախտել են միջազգային իրավունքը, մեղադրում են Ռուսաստանին միջազգային իրավունքների խախտման մեջ, ապա դա համոզիչ չէ եւ ճիշտ չէ: Օբաման կամ եվրոպական լիդերները խոսում են տարածքային ամբողջականությանեւ ինքնիշխանության իրավունքների մասին: Սակայն այդ երկու իրավունքներն էլ կոպտորեն խախտվել են Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում: Այդ սկզբունքները պետք է գործեն բոլորի համար, այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարել է գերմանական «Ձախերի» առաջնորդը:



