Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սմբուկով տաք ուտեստ
Բաղադրությունը – Գառի ազդրամիս – 600 գ, դմակ – 100 գ, սոխ – 1 գլուխ, կարմիր տաքդեղի մածուկ – 2 ճաշի գդալ, սմբուկ – 6 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, պանիր – 150 գ, չոր ծիտրոն, աղ, սպիտակ պղպեղ, թարմ մաղադանոս:
Պատրաստման եղանակը – Ազդրամիսը խաշել, կտրատել մանր խորանարդիկների ձեւով: Դմակով սոխառած անել, դրան ավելացնել տաքդեղի մածուկը, այնուհետեւ՝ մսի խորանարդիկները: Սա համեմել ծիտրոնով, աղով, սպիտակ պղպեղով, մաղադանոսով:
Սմբուկները մաքրել եւ ամբողջական տապակել, ծրարաձեւ բացել եւ մսային զանգվածը լցնել մեջը: Սմբուկների վրա էլ դնել կտրտած լոլիկ, տաքդեղ՝ 1-ական շերտով եւ պանիր: Եփել ջեռոցում 20 րոպե՝ 2000-ի տակ:
Մատուցել փլավի հետ: Անու՜շ լինի
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Քաղաքականությունից դեպի բակային նարդու առաջնություն
Հունիսի վերջերին ճանաչողական այցով Հայաստան ու Արցախ էր այցելել Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտասեւիչը: Լեհ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան բավականին հագեցած օրակարգ է ունեցել, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ, Երեւանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ Եվրախորհրդարանի փոխնախագահը քննարկել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Առաջընթացի զեկույցի առաջարկները, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Իսկ Արցախում պաշտոնական հանդիպումներից զատ Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակը զբոսնել է Ստեփանակերտում եւ հետեւել քաղաքի բակերից մեկում ընթացող նարդու «առաջնությանը»:
Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը
Երեւանի «Բանանց.-ը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Անդորրայի «Սանտա Կոլոմա»-ին եւ հաղթեց 3:2 հաշվով: Առաջին խաղում մեր թիմը զիջել էր 0:1 հաշվով: Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով հաշիվը հավասարվեց՝ 3:3, սակայն մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ «Սանտա Կոլոմա»-ն, որի մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր ֆուտբոլիստները սիրողական մակարդակի խաղացողներ են եւ սոսկ հաճույքի համար են ասպարեզ դուրս գալիս:
Անդորրան ֆուտբոլային երկիր չի համարվում, գաճաճ պետություն է Եվրոպայում, բայց կարողացավ սիրողական մակարդակով շարքից հանել «պրոֆեսիոնալ» հայկական ակումբին: Այո, այս պարտությունը կմնա հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը: Գոնե սա լինի առաջին ու վերջին խայտառակ իրավիճակը:
Այս խաղը մի կողմ թողնելով՝ նշենք, որ միեւնույնն է՝ զարմանալի է, որ մեր ակումբները առհասարակ չեն կարողանում սեփական դաշտում հաղթական արդյունք ցուցադրել անգամ այնպիսի միջակ թիմերի նկատմամբ, ինչպիսիք ղազախական կամ նման այլ երկրների ակումբներն են: Ցավալի է, քանզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները չեն կարող շարունակական լինել, քանի դեռ ազգային առաջնության թույլ եւ անատամ մասնակիցներ ունենք…
Հիշեցնենք, որ Եվրոպական լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանա»-ին (Աստանա) ու «Շախտյոր»-ին (Ղարագանդա): Երեւանյան ակումբը զիջեց 1:4, իսկ գյումրեցիները՝ 1:2 հաշվով: Իսկ Երեւանի «Միկա»-ն Խորվաթիայում մրցեց «Սպլիտ»-ի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Հ.Գ. – Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Միկա»-ն խաղաղ դաշն կնքեց խորվաթական «Սպլիտ» թիմի հետ՝ 1։1, բայց քանի որ պարտություն էր կրել առաջին խաղում, դուրս մնաց հետագա պայքարից։ Գյումրիի «Շիրակ»-ը պատասխան խաղում 0:4 հաշվով պարտվեց Ղարագանդայի «Շախտյոր»-ին՝ դուրս մնալով մրցաշարից: Երեւանի «Փյունիկ»-ը եւս դուրս մնաց՝ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվելոբվ ղազախական «Աստանա»-ին:
Ֆուտբոլում անհաջողությունից ապահովագրված չէ ոչ-ոք – Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը
Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում կայացած «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց գերմանական ընտրանուց (1:7): Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Բրազիլիայի ազգային թիմի պատմության մեջ: Բրազիլացիները 6 գնդակի տարբերությամբ պարտվել են միայն մեկ անգամ` 1920թ. Ուրուգվայի թիմին զիջելով Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Continue reading →