Աշխարհի մարզական հեւքից.-
Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին եւ մտավ հաջորդ փուլ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անցած առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեանի «Փյունիկ»-ը կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայի մրցաշարում: Մեր թիմը որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, մրցեց «Վարդար»-ի հետ: Փյունիկցիները նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի ղեկավարությամբ հաջող անցկացրին ամբողջ հանդիպումը, սեփական դարպասն անառիկ պահեցին, իսկ խաղի վերջում 2 գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: 2 դեպքում էլ աչքի ընկավ թիմի նորեկ Բակար Բալդեն:
Այդպիսով, «Փյունիկ»-ը հաղթեց 3:0 ընդհանուր հաշվով եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպեի ղազախական «Տոբոլ»-ի հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս է բերել վրացական «Սամտրեդիա»-ին (1:0, 2:0):
Եվրոպայի լիգա. «Գանձասար–Կապան»-ը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ ավարտեց ելույթները: Պատասխան խաղում մեր թիմը Երեւանում հյուրընկալեց լեհական «Լեխ»-ին: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ հաշիվն այդպես էլ չբացվեց:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: Նախ «Գանձասար-Կապան»-ը 2 գեղեցիկ գոլ խփեց եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը: 50-րդ րոպեին մոտ 15 մետր հեռավորությունից հուժկու հարվածով դարպասը գրավեց Լուբամբո Մուսոնդան: Հաջորդ գոլը գրանցվեց 67-րդ րոպեին, երբ Գեղամ Հարությունյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:
Այդպիսով, եթե խաղն ավարտվեր 2:0 հաշվով, ապա կնշանակվեր լրացուցիչ ժամանակ, քանի մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ, սակայն՝ լեհերի օգտին: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Լեխ»-ի ֆուտբոլիստ Լուկաշ Տրալկան օգտագործեց իր վերջին շանսը եւ տուգանային հարվածով խփեց միակ պատսախան գնդակը: Այդ գոլը լեհերին ճանապարհ բացեց դեպի որակավորման 2-րդ փուլ, իսկ «Գանձասար-Կապան»-ին դուրս թողեց մրցաշարից:
Հանդիպումից հետո «Լեխ»-ի գլխավոր մարզիչ Իվան Դուրդեւիչն ասաց, որ խաղի ընթացքի վրա ազդեց շոգ եղանակային պայմանները, սակայն իրենք հավատացած էին, որ վաղ թե ուշ հասնելու են հաջողության:
«Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իր թիմը դուրս մնաց ոչ թե մարզական բախտի, այլ որակյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառով:
Չեմպիոնների լիգա. «Սելթիկ»-ը կրկին ուժեղ գտնվեց «Ալաշկերտ»-ից
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը Գլազգոյում 0:3 հաշվով պարտություն կրեց տեղի «Սելթիկ»-ից: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց շոտլանդացիների հարձակվող Մուսա Դեմբելեն: 3 րոպե անց «Սելթիկ»-ը մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Յոզո Շիմունովիչը:
Չնայած թվային առավելությանը, «Ալաշկերտ»-ը չկարողացավ գոլային լուրջ պահ ստեղծել, իսկ ահա տանտերերն արդեն առաջին խաղակեսում եւս 2 գոլ խփեցին եւ հաշիվը դարձրին 3:0: Նախ 11մ հարվածով աչքի ընկավ նույն Մուսա Դեմբելեն, ապա գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ֆորեսթը: Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան նոր հաջողության հասնել:
Այդպիսով, «Ալաշկերտ»-ը երկրորդ խաղում անընդմեջ պարտվեց նույն 0:3 հաշվով եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի մրցաշարից: Սակայն մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում, որի խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին: Continue reading →