Աշխարհի մարզական հեւքից.-
ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 26-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազեւան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:
Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն եւ հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլեւ կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաեւ միջմշակութային հաղորդակցությանը եւ նոր ընկերների ձեռքբերմանը:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական եւ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական եւ խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն ու կխրախուսվեն լավագույնները:
Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն
Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում նա նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում Կարո Մուրադի ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը:
Այդպիսով, նա տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:
Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում
Մարտի 23-26-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) 18-20 տարեկանների աշխարհի առաջնություն: Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Արցախից մասնակցել է 2 հոգի: Նրա խոսքով, Մարատ Բարսեղյանը (61,2 կգ) գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով նաեւ պատվոգրի, իսկ Դավիթ Քոչարյանը (56,7 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մարզիչը տեղեկացրել է, որ մինչ այսօր խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը մասնակցած Արցախի եւ Հայաստանի մարզիկներից ոչ ոք չի հասել եզրափակիչ փուլ. Մարատ Բարսեղյանն առաջինն է, եւ ընդհանուր ձեռքբերումներն էլ գոհացուցիչ են: Continue reading →