Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից հետո անգամ լրագրողները դժկամությամբ ընդունեցին ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին: Իսկ թե ինչքան էին դժգոհ մարզասերները՝ կասի 0:5 հաշվով պարտությունը սեփական հարկի տակ: Առաջին իսկ հարցը վերաբերում էր գլխավոր մարզիչի հրաժարականին, ինչին ի պատասխան գլխավոր մարզիչը նշեց, որ քանի դեռ ընտրանու վիճակը ծանր է, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Իսկ թե ինչով է ծանր, հետեւեց պատասխանը. «Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին, 3-րդ րոպեին էլ մնացինք 10 հոգով»:
Իհարկե, այսպիսի արդարացումները որոշակի հիմք ունեն, սակայն ի՞նչ ասել մարզչի, եթե նրա թիմն առաջին 10 րոպեներից հետո արդեն 3 գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Վարուժան Սուքիասյանը տվեց խաղի մասին իր գնահատականը. «Ռումինիայի հավաքականն իսկապես ուժեղ էր: Նման ընթացքի պատրաստ չէինք: Վնասվածքից եւ կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Այնքան տղամարդկություն ունեմ, որ թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, բայց պետք է մնամ եւ թիմին այս վիճակից հանեմ: Դանիայի ընտրանու դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջեւում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի 4 պաշտպանով խաղը եւ սխալվեցի: Կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»: Ի դեպ՝ Վարուժան Սուքիասյանը ֆուտբոլիստների վնասվածքներ ստանալու եւ խաղին չմասնակցելու համար մեղադրեց, ոչ ավել ոչ պակաս … լրագրողներին, իբր այսքան բացասական խոսելու հետեւանքն է… ինչին լրագրողները տարակուսած… պատասխանեցին ծափահարություններով: Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչու Ռուսաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի չափորոշիչներին, որին պատասխան հնչեց, թե «Յուրայի հետ պայմանավորվել էին հանդիպել, բայց նա չեկավ»:
Հաջորդ խաղը մեր ֆուտբոլիստներնմ անցկացրեցին Վարշավայում՝ ուժերը չափեցին Լեհաստանի ընտրանու հետ. 1-ին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, չնայած 30-րդ րոպեից մերոնք նորից մնացել էին 10 հոգի, 2-րդ խաղակեսի 3-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ այն բանից հետո, երբ Ռոբերտ Լեւանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ոտքին եւ հայտնվեց դարպասի հակառակ անկյունում: Սակայն քիչ անց Մարկոս Պիզելին տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հաշիվը չփոխվեց մինչեւ 94-րդ րոպեն (ավելացրած ժամանակի), երբ դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան վտանգավոր գոտում: Լեհաստանի հավաքականի եւ գերմանական «Բավարիա»-ի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ 2:1: Եվ հետաքրքիր է, որ դրանից անմիջապես հետո մրցավարն ազդարարեց հանդիպման վերջը:
Պարտություն՝ իսկապես վերջին վայրկյանին: Սա մեր հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունն է եւ ներ թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Panorama.am-ը մի նյութ էր գրել՝ «Ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի «Կարեն Կարապետյանը»», որն իսկապես ամենաարդիական հարցն է այսօր հայկական ֆուտբոլում: Հեղինակը խոսելով պարտությունների շարքից, դիտարկում է արել, որ ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդ խաղերից պարզ է դառնում, որ հավաքականի մարզչի փոփոխությամբ հայկական ֆուտբոլին պատուհասած խնդիրները չեն լուծվում։ Մենք եւս համամիտ ենք եւ նշենք, որ իսկապես, հայկական ֆուտբոլի բումից հետո, երբ քիչ էր մնում մեր հավաքականն անցնել Ռիոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (միայն մրցավարների միտումնավոր սխալները դա թույլ չտվեցին) օտարերկրյա, թե հայ բոլոր մարզիչներն էլ հիմնականում տապալվում են… Եվ դիտարկումն այսպիսի հարց է առաջ քաշում՝ արդեն համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում, եւ դրան պետք է գնալ՝ հաշվի առնելով, որ ընտրական այս փուլում մեզ այլեւս ոչինչ չի լուսավորում։ Ցավալի է այսպիսի մեկնաբանումը, բայց արդեն 3-րդ փուլից հետո դա իրականություն է: «Կարծում եմ՝ համակարգային փոփոխությունները, որոնք պետք է ընդգրկեն հայկական ֆուտբոլն ամբողջությամբ, անհրաժեշտ է սկսել հենց այս պահից։ Ամենուր նոր անուններ ու նոր գաղափարներ են պետք։ Եվ ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի Կարեն Կարապետյանը»,- եզրափակել է խոսքը կայքի հոդվածագիրը:
Իսկ թե հայ ֆուտբոլիստներին ով գերբնական ինչ-որ բան կհաղորդի կամ կբացատրի, մնում է դեռ անորոշ:
Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ներկա գլխավոր մարզիչը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել: Continue reading →