Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով
Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչումը, առաջին անգամ մասնակցելով այս մրցաշարին: Մեր ընտրանին 79:71 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Անդորայի ազգային թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց մեր թիմի հարձակվող Անդրե Սպայտ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականը, հաղթելով այս մրցաշարում, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարին:
Հիշեցնենք, որ Մոլդովայում կայացած Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի տղամարդկանց առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի եւ Ուելսի հավաքական թիմերը: Հայաստանի հավաքականը առաջին խաղն անցկացրեց տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ եւ հաղթեց խոշոր՝ 83:64 հաշվով: Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստներն անցկացրեցին Անդորայի թիմի հետ, որի խաղացողները հանդես են գալիս Իսպանիայի տարբեր առաջնություններոմ: Մեր թիմը առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն վերջին 2 քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63: Հայաստան-Ուելս խաղի արդյունքը արդեն մեր օգտին էր` 92:40: Մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում, եւ հաղթեց` 74:60 հաշվով:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին նախագահական նստավայրում ընդունեց եւ ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Թբիլիսիում մեկնարկել է բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև մեր հավաքականը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեկնարկային խաղում մեր աղջիկները կարողացել են պարտության մատնել Անդորրայի իրենց հասակակիցներին: Հանդիպումն ավարտվել է 66:40 հաշվով:
Հայկական ակումբները եվրոպական խաղերում
Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող էին մեկնարկել Եվրոպայի լիգայի 2016-2017թթ խաղարկությունում: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում ոչ-ոքի էր խաղացել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ:
Երեւանում մեր թիմը պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոնին եւ վստահ մտավ հաջորդ փուլ: Հանդիպումը, ինչպես ասում են, սկանդալային ստացվեց: Գլխավոր մրցավար Ալեքսանդր Ալիեւը չկարողացավ ժամանակին զսպել ֆուտբոլիստների կրքերը եւ ստիպված 3 կարմիր քարտ ցույց տվեց՝ 1-ը մեր, 2-ը՝ անդորացի խաղացողներին: Խաղավարտից հետո նոր ընդհարում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որն ավելի թեժացրին երկրպագուները, որոնք պլաստմասե շշեր նետեցին հյուրերի ուղղությամբ: Դա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում է եւ «Ալաշկերտ»-ին լուրջ պատիժ է սպասում:
Ետխաղյա մամուլի ասուլիսին «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը դժգոհեց մրցավարությունից եւ «Ալաշկերտ»-ի իր գործընկերոջից: «Մրցավարությունը շատ վատ էր: Նրանք գողացան մեր հաղթանակը: 2-րդ գոլի ժամանակ մրցավարը պարզապես ծիծաղեց մեր վրա: Դժվար էր խաղալ 14 հոգու դեմ: Խաղից առաջ մեզ վիրավորել էր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը, ով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կճզմի մեզ»,- ասել է անդորացի մարզիչը: Continue reading



