Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կարեւորագույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան իրադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխանության վերեւում:
«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կատարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր հիմնախնդրի՝ Արցախին առնչվող իրադարձություններին:
Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ
ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից կառույցում Ադրբեջանի կողմից տարածված կոռուպցիան ուսումնասիրող զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձեւի առաջարկություն. «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում» թեմայի վերաբերյալ։
Ընդունված տեքստում ասվում է, որ 2013թ. Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Անկախ հետաքննական մարմինը, ի թիվս այլոց, գտել է, որ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեծ դեր է կատարել այդ զեկույցը տապալելու գործում։ Ավելին, Հետաքննական մարմինը գտել է, որ հիմնավոր հիմքեր կան հավատալու, որ Վոլոնտեն, ադրբեջանցի նախկին պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամմադովը զբաղված են եղել կոռուպցիոն բնույթի գործարքներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման իրական է, որի օրինակն է նաեւ Իլգար Մամմադովի գործը, ում Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ նա ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար։
Ուստի, տեղին է, որ գրվի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին նոր զեկույց, որը զերծ կլինի կոռուպցիոն ցանկացած ազեցությունից։
Նշենք, որ բանաձեւի առաջարկությունից հետո այն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով, որը քննարկում է այն, նշանակում զեկուցող, որն էլ պատրաստում է զեկույցը։ Զեկույցը քննարկվում է Վեհաժողովում եւ դրվում քվեարկության։
Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։ Continue reading →