«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջերս բավականին աշխույժ մասնակցում է քաղաքական դաշտի վայրիվերումներին: Երկար ժամանակ չխոսելուց հետո, նա հանկարծ ու միանգամից վերաարծարծեց ՀՀ իշխանության մեջ ծվարած համասեռական պաշտոնյաների հարցը: Հիշեց, որ այդ ցուցակները կարդացել եւ գիտեն ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, այսպես՝ աջուձախ իշխանական ու օտարերկրյա որոշ շրջանակների լսեցնելով, թե «մենք գիտենք՝ ով ով է… խելոք մնացեք»… Հետո նա էլի շատ աշխույժ մասնակցեց ընդդիմադիր քառյակի՝ իշխանությունների խայծը կուլ չտալու պայքարին եւ համոզում էր չհամագործակցել իշխանությունների հետ, դառնալ ուժեղ ընդդիմություն: Այժմ էլ նա հայտարարել է, թե կառավարությունում ոչնչ չի փոխվել:
Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում, երբ հիշում ենք, որ Գառնիկ Իսագուլյանն առ այսօր համագործակցում է ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչեւէ: Ներքաղաքական կյանքում վերջերս կարծես աշխուժանում են բոլորը, բայց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հասցրել է նաեւ արտաքին ուղղությամբ հայտարարարություն անել. «Եթե Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը, ապա Երեւանի վրա կլինեն ճնշումներ Արեւմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է»:
Խոսելով նոր կառավարության մասին՝ նա նշել է, եթե հենց նույն օրը այդ կառավարությունը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել՝ բացի անուններից: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ավելի մեղմ է արտահայտվել. «Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ: Բայց գործող վարչապետի գործելաոճը գոնե կտրուկ տարբերվում է նախորդ վարչապետի՝ միավանկ, անբովանդակ, վիրավորական ոճից, առհասարակ այն առոգանությունից, որով նախկին վարչապետը շփվում էր հանրության, պատգամավորների հետ»: Իսկ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացել է. «Եթե կառավարությանը տրված չէ որոշում կայացնելու լիազորություն, ապա ինչպե՞ս կարող են դրական փոփոխություններ լինել»:
Առհասարակ այն կարծիքն է գերակշռում քաղաքական դաշտում, որ կառավարության աշխատանքը տեսնելու ու գնահատելու համար ժամանակ է պետք: Գուցե 100 օր անց բոլորը խոսեն այս մասին: Այդ օրը կխոսի նաեւ «Լուսանցք»-ը:



