Ընդդեմ ռաբիսի՝ ազգային երգ ավտոբուսներում
Մի խումբ երիտասարդներ այս օրերին, Կոմիտասի պուրակից ազգային երգեր կատարելով շարժվեցին դեպի մոտակա կանգառ, որտեղ խմբերի բաժանվելով՝ բարձրացան տարբեր ավտոբուսներ, հնչեցրին հայ ազգային երգը՝ ուղեւորներին եւ վարորդներին նվիրելով երգերի տեքստերը եւ ազգային երգերով ձայնասկավառակներ (ընդհանուր առմամբ՝ շուրջ 400):
Այս միջոցառման նպատակն էր օգնել ազգին ազատվել օտար, վատ ազդեցություններից եւ լսել ու տարածել հայկական երաժշտությունը:
«Տրանսպորտում, հեռուստատեսությամբ, ռադիոյով երաժշտություն է պտտվում, որը ոչ մի ձեւով չի խոսում մեր բուն ազգային երաժշտության հետ, ու մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե ռաբիսը, թուրքամետ կամ արաբա-նաղլական ցածր երաժշտությունը մեր ազգայինն է: Նախաձեռնությունը մի կաթիլ է այս կեղտոտ ջրի մեջ, մենք էլ կաթիլները կշատացնենք»,- ասաց նախաձեռնության հեղինակներից Անի Նավասարդյանը:
Մասնակիցները հույս ունեն, որ այս նախաձեռնության շնորհիվ մարդիկ կսկսեն ավելի շատ լսել հայ ազգային երգ-երաժշտությունը:
«Հուսանք, որ մարդիկ կսկսեն լսել իրենց՝ բուն հայկական երաժշտությունը, ոչ թե ժամանակակից, ինչ-որ օտար, արաբական, թուրքական բաների հետ խառնված մեղեդիներ: Հուսով ենք, որ սրա շնորհիվ մենք կկարողանանք գոնե մարդկանց ինչ-որ հատվածին վերադարձնել իրենց արմատներին»,- ասաց մեկ այլ մասնակից՝ Արտաշես Տոնոյանը:
Ուղեւորների արձագանքը հիմնականում դրական էր: Ոմանք նույնիսկ ոգեւորվեցին եւ միացան միջոցառման մասնակիցներին:
«Կարեւորը երեւույթն է իրականում, ոչ թե այն, որ ես կերգեմ կամ մյուսը չի երգի կամ հակառակը: Սա նախեւառաջ գիտակցության համարձակություն է: Այս կարգի նախաձեռնությունները ստիպում են հանդուրժող չդառնալ»,- ասաց միջոցառմանը միացած ուղեւորներից մեկը:
Նախաձեռնությանը միացած «Խազեր» երգչախմբի, «Մենք» ազգային երգի-պարի խմբի, «Քարահունջ» ֆոլկ խմբի եւ «Կանաչ» ջոկատի անդամները գոհ էին ուղեւորների եւ վարորդների արձագանքից, եւ խոստացան, որ ակցիան շարունակական է լինելու:
Ազգային երգ-երաժշտության հետ նաեւ ազգային պարերը կարող են իրապես փոխել հանրության ոչ միայն մտածողությունը, այլեւ հոգեբանությունը, դրական լիցքեր հաղորդելով եւ այն առավել մոտեցնելով ազգայինին: Իհարկե, կլինեն չմահավաններ, ամեն ինչից դժգոհողները այսպիսի միջոցառումներից էլ կդժգոհեն (իբր՝ սա էր պակաս), բայց նրանք չեն, որ պիտի թելադրեն մեր առողջ ու նախաձեռնող երիտասարդության քայլերը՝ դեպի անձնական ու ազգային հաջողությունների հանգրվան:
Գոհար Վանեսյան
Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
Ընդունված է մտածել, որ իսկական տղամարդը ոչնչից չպետք է վախենա: Սակայն, նույնիսկ ամենավստահ տղամարդու մոտ առկա են որոշակի վախեր: Moirebenok.ua-ն ներկայացնում տղամարդկանց վախերի մի քանի պատճառներ:
1. Տղամարդիկ վախենում են հայտնվել թակարդում. յուրաքանչյուր տղամարդ վախենում է ինչ-որ բան այնպես չանել՝ աշխատանքի վայրում, ընկերների հետ, տանը: Նրանք կախված են այլոց կարծիքից, քննադատությունից: Դա կարող է որոշ ժամանակ հետո ոչնչացնել նրանց մեջ վստահությունը սեփական անձի հանդեպ: 2. Տղամարդիկ վախենում են ամուսնությունից, ինչքան էլ դա տարօրինակ է. որոշ տղամարդկանց մոտ «ամուսնություն» բառից կարող է առաջանալ խուճապ: Ազատության բացակայությունը, անհամատեղելիությունը, դավաճանությունը, բաժանությունը, կյանքի դժվարությունները տղամարդկանց ստիպում է հետաձգել ամուսնությունն անորոշ ժամանակով: 3. Տղամարդիկ վախենում են կորցնել իրենց հեղինակությունը եւ գումարը. տղամարդու նյութական ունեցվածքի կամ հեղինակության նկատմամբ սպառնալիքը կարող է վերջինիս խուճապի մեջ գցել: Այն, ինչը ձեռք է բերել դժվարությունների գնով, տղամարդը դա կպահպանի կյանքի գնով: 4. Տղամարդիկ վախենում են լինել կնոջ «կրունկի» տակ. լինել կնոջ նենգախաղերի զոհը, մեծագույն վախերից մեկն է, չէ որ տղամարդն ուզում է լինել բարձունքում եւ թելադրող հարաբերություններում: 5. Տղամարդիկ վախենում են կնոջ հիստերիայից. կնոջ արցունքները կարող են ունենալ տարբեր ազդեցություններ. որոշ տղամարդիկ դրանից կարող են զայրանալ, որոշները՝ կորցնում են իրենց, իսկ ոմանք անում են ամեն ինչ, որպեսզի կինը դադարի լաց լինել: Տղամարդիկ վախենում են ցույց տալ իրենց թուլությունը նման իրավիճակներում:
Continue reading →