«Լուսանցք»-ը մեկ-երկու անգամ անդրադարձավ նախորդ տարի նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցախմբին եւ ԱԱԾ գործողություններին ու պարզաբանումներին՝ սպասելով, որ ավելի հստակ պարզաբանումներ ու ապացույցներ կլինեն: Այդ ժամանակ առավել հեշտ է վերլուծել եւ ներկայացնել իրական վիճակը: Անվտանգության ծառայությունը առգրավված զենքերի ու այլ փաստերի հետ մեկտեղ մեղադրում է երկրի որոշակի քաղաքական ու հանրային գործիչների, իսկ մյուս կողմը փորձում է հիմնավորել, թե ԱԱԾ-ն գործել է ԿԳԲ-ի ձեւերով ու սարքած խմբին ուղղորդել այս ու այն գործիչների մոտ…
Սակայն այն հանգամանքը, որ սփյուռքից ժամանած Արթուր Վարդանյանը, ում ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում ի սկզբանե, հանկարծ կարողանում է ինչ-ինչ գումարներ ծախսելով Հայաստանում խումբ ստեղծելու եւ հայաստանյան ու սփյուռքյան գործիչների հետ հանդիպելու ծրագրեր կազմել: Սիրիական դեպքերի ժամանակ հայտարարում է, թե հայ ազատամարտիկներից կազմված ջոկատ է տանում Քեսաբ՝ սիրիահայերին պաշտպանելու համար, սակայն Քեսաբում նրան տեսնող չի լինում: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաների մեծամասնությունը Արթուր Վարդանյանի շուրջ համախմբվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանելու համար, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը դրանից տեղյակ չի լինում, ինչը նշանակում է այդ ենթադրյալ ջոկատները երբեք չէին կարող մեր սահմաններին մոտենալ առանց թույլտվության: Այն էլ զինված:
Ու էլի այսպիսի բաներ, որ հաստատ կասկածի տեղիք է տալիս, որ այս խումբը գործել է հանուն Հայաստանի շահերի: Մի կասկածելի բան էլ կա, որ երիտասարդ ոմն մեկը չէր կարող այսքան համարձակ մտնել նման գործողությունների մեջ, եթե… Հավատալ, թե Արթուր Վարդանյանը կարող էր ինքը ծրագրել, զենք-զինամթերք հայթայթել,վճարել դրա ու այլ բաների համար, բարդ է: Սա 1988-1990-ականները չեն, որ հայ ֆիդայիները ռուսական զինմասերի վրա հարձակվելով զենք-զինամթերք էին առգրավում, մեքենաներ ու սնունդ էին ձեռք բերում ռազմաճակատ մեկնելու համար… Այս դեպքում՝ բոլորովին ուրիշ կարգավիճակ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում:
Նշանակում է՝ իսկապես ինչ-որ մտահոգիչ բան, որից պետք է զգուշանալ, գոնե մինչեւ իրական պարզաբանումը: Եվ հետագա ձերբակալությունները առավել մտահոգիչ են դարձնում այս խնդիրը: Եվ զինված հսկողությունը պետական նշանակության շենքերի մոտ նույնպես հիմնավորված է, քանի որ դեռ թարմ են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը:
Կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի գրոհի ժամանակ որեւէ դիմադրություն չի եղել: Նա չի հերքել, որ «այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է, բայց միեւնույն ժամանակ նաեւ պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, քանզի կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել»… Ուստի՝ փաստաբանը հետեւություն է անում, թե «կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու դեմ»: Continue reading



