22.12.2008թ. – ք. Երեւան
Հայաստանի քաղաքական դաշտը անկախությունից ի վեր պարբերաբար վերաձեւումների է ենթարկվում ու դեռեւս ինքնահաստատված չէ: Կուսակցությունների դաշինքային գործունեությունը սահմանափակվում է միայն ներքաղաքական եւ միջանձնային խնդիրների լուծմամբ, որն առավելապես աշխուժանում է տարաբնույթ ընտրությունների անցկացման եւ հետընտրական գործընթացների ժամանակ:
Վաղուց պիտի Հայաստանի քաղաքական ուժերը ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին ազգի շահերը՝ յուրաքանչյուրն ի՛ր գաղափարադրույթներին համապատասխան: Դրա բացակայությունն է պատճառը, որ երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական: Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ:
Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը:
Իհարկե, այսպիսի դաշինքային փորձեր նախկինում էլ եղել են, բայց որոշ ժամանակ անց լուծարվել են: Ս/թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում հռչակված Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական ազգայնական ուժի ձեւավորումը:
Կարծում ենք, մեր օրինակով, Հայաստանի քաղաքական եւ գաղափարական բեւեռների ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ քաղաքական մտքին, եւ երբ մեր երկրում գործեն այսօր առկա 4-5 գաղափարախոսությունների շուրջ համախմբված քաղաքական ուղղություններ, ապա եւ՛ պետության եւ՛ հանրության հիմքերն ավելի ամուր եւ՛ ինքնահաստատ կլինեն:
ՀԱՀ-ի Խորհրդի անդամներ՝
1. Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
2. Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ)
3. Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)
4. Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար)
5. Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ)
6. Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)
7. Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար)
8. Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ)
9. Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ)
* ՀԱՀ Խորհրդի 9 անդամները եւ ներքոնշյալ անձինք կազմել են ՀԱՀ ընդլայնված Խորհուրդը:
1. Արմեն Պետրոսյան (Արցախ-ԼՂՀ)
2. Անդրանիկ Թանգամյան (Ջավախք)
3. Արմեն Շահբազյան (ԱՄՆ)
4. Անդրանիկ Աթոյան (Ռուսաստանի Դաշնություն)
Շարունակել կարդալ →