Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արմեն Ավետիսյանի հետ
- Հայ Արիական Միաբանությունը չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրությանը, իսկ հետընտրական գործընթացներում կարծես թե չեզոք դիրք գրավեց: Արդյո՞ք հիմա էլ, երբ անցել է բավականաչափ ժամանակ, համարում եք, որ ճիշտ եք վարվել:
- Նախ՝ սկսեմ այն բանից, որ համամիտ չեմ հարցադրումների ձեւակերպման հետ: ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրելը կամ առաջադրված որեւէ թեկնածուի չպաշտպանելը ամենեւին չի նշանակում, որ մենք չենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը: ՀԱՄ-ը մի քանի ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, բացատրելով, թե ինչու ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին, իսկ մեր կազմակերպությունների հազարավոր անդամներն ու համակիրները մասնակցել են քվեարկությանը եւ որեւէ մի թեկնածուի ձայն չեն տվել: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, եւ պաշտպանել ենք եւ’ մեր ընտրելու իրավունքը, եւ’ հիմնավորված դիրքորոշումը: Կասեմ ավելին՝ մենք չպաշտպանելով ոչ մի նախագահի թեկնածուի, ավելի հստակ դիրքորոշումով (այդ թվում՝ հրապարակայնորեն) ենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, քան այս կամ այն թեկնածուին մի քանի «հերթապահ» նախադասությամբ պաշտպանողները կամ շահախնդրորեն ու ստիպողաբար «կողմնորոշված» կուսակցությունները: Ինչ մնում է չեզոք հետընտրական դիրքորոշմանը, դրա հետ էլ համաձայն չեմ, ՀԱՄ-ը մի շարք հայտարարություններով ու ոչ պաշտոնական հանդիպումներով ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում, շատ հստակ հասկացնելով, որ երկու հակամարտող կողմերում էլ մեր ժողովրդի հատվածներն են, որ բողոքող մարդկանց շատ պահանջներ արդարացի են ու հրատապ լուծում են պահանջում, որ իշխանության եւ ընդդիմության ղեկավարները նաեւ հայտնի գերտերությունների ու որոշ մութ ուժերի շահերն են մեր երկրում խաչաձեւում, որ պետք է անհապաղ բանակցել… ու մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար՝ դեռ մինչեւ մարտի 1-ի դեպքերը, նաեւ՝ դրանից հետո: Մենք շատերի նման բերաններս ջուր չառանք, նախընտրական ու հետընտրական «բիզնես» չարեցինք կամ էլ չվազեցինք այս կամ այն թվացյալ ուժեղի կողմը: Եվ կրկնում եմ, ունեցանք հստակ դիրքորոշում: Նաեւ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվեցինք քաղաքական ու բարոյական գնահատական: Սա ամենեւին չեզոքություն չէ: Ուստի, հիմա էլ, վստահ եմ հետո էլ, ես համոզված եմ լինելու մեր կեցվածքի ու դիրքորոշումների՝ ազգայնական տեսանկյունից ճիշտ լինելում:
Շարունակել կարդալ →