Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը
Հաճախ ոչ միայն Աստվածների անուններն են փոփոխվել միտումնավոր, այլեւ հավատի դիցարանն է ձեւախեղվել ըստ նպատակահարմարության… Եգիպտական դիցարանում ասվում է, որ ինչպես պետությունն ունի իր գլխավորին՝ արքային, այդպես էլ Աստվածների մեջ պետք է լիներ գլխավորը: Թագավորության զորացմանը զուգահեռ ի հայտ եկավ դիցարանը, որը ստեղծվել է առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաեւ գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արեւի աստվածը), ում երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի Աստված Ամոնը: Ք.ա. XIV դարում փարավոն Էխնաթոնը Գերագույն Աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին, դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից:
Ըստ Աստվածների պաշտամունքի, ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից եւ տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին եւ առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որեւէ բնագավառի հովանավորի դերով: Միաստվածությունը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արեւի, եւ այսպես շարունակ: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում կար ժամանակ, երբ երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն վիճակն էր խեթերի ու այլ ժողովուրդների մոտ…
Արեւելքի ժողովուրդներն ունեին աշխարհաստեղծման առասպել, բնության, մարդկանց, կենդանական եւ բուսական աշխարհների ծագման մասին պատկերացումներ, որոնք եւս պահպանվել են դիցարաններում: Եգիպտականում նշված է, որ «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետեւ ջրի մեջ Պտահ Աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո Աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»: Շումերականում այսպես է. «Երկիրը ստեղծեց Էլլիլ Աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդկանց՝ իր իսկ նմանությամբ»: Հնդկական դիցարանից եւս հղումներ կան Արեւելքում. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արեւ, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, եւ այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր: Իսկ դրանց միջեւ Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ եւ ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»: Բաբելոնյանում էլ այսպես է ասված. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր Աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝ երկիրը»…
Այսպես քաղաքականացվում էին դիցարանները իշխող կարգերի հետ միասին եւ շուտով ավելի հեռացան Տիեզերական Սկզբնաղբյուրից՝ նախանշելով Տիեզերահաս հավատների մատը…
Այս մասին խոսել ենք սրանից առաջ՝ Հայ Աստվածների հետ կապված հոդվածաշարում: Եվ ազգային հավատների տկարացումից օգտվեցին միջազգային նշանակություն ձեռք բերող կրոնները:
Հավատը Հին Միջագետքում եւ Եգիպտոսում
Ինչպես հայտնի է Հին Միջագետքում եւ Հին Եգիպտոսում ձեւավորվեց ինքնատիպ քաղաքակրթություն, եւ այստեղ էլ ստեղծվեցին կրոնական համակարգեր: Նրանց դիցարանի հիմնական Աստվածներն էին Էնլին՝ հողի, Շմաշան՝ արեւի, Նեգրալը՝ ռազմի, Իշտարը՝ պտղաբերության: Հին Եգիպտոսում Գերագույն Աստվածը արեւի աստվածն է եղել՝ Ամո-Ռամը: Եգիպտոսում տիրակալը՝ Փարավոնը, համարվում էր նրա որդին: Եվ Միջագետքում, եւ Եգիպտոսում մենք հանդիպում ենք մեռնող եւ հետագայում հարություն առնող Աստվածների մասին առասպելների: Այդ առասպելների միջոցով մարդը փորձում էր արտահայտել բնության շրջանաձեւ զարգացումն իր պատկերացմամբ: Բաբելոնի շրջանում Գերագույն Աստված դարձավ Բել կամ Մարդուկ Աստվածը: Ըստ առասպելի, դա տիեզերական, սկզբնական քաոսից ստեղծում է կարգավորված եւ համակցված այս տիեզերքը: Ըստ Հին Եգիպտոսի, մարդկային հոգին կազմված է 2 մասից՝ 1. մարմնի մահից հետո հոգին մնում է մարմնում, եւ նրա գոյությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես կպահպանվի այդ մարմինը եւ ինչպես այն կլինի շրջապատված: Այդ պատճառով եգիպտացիները սկսեցին մահացած մարմիններից մումիաներ պատրաստել եւ տեղադրել դրանք վիթխարի դամբարաններում, բուրգերում: 2. Հոգու երկրորդ մասը դուրս է գալիս մարմնից եւ գնում է մահացածների դատարան, որտեղ եւ որոշվում է նրա ապագան: Եթե նա մեղավոր է, ապա նա ոչնչանում է, իսկ եթե ոչ՝ գնում է դրախտ: Դրախտի մասին եգիպտացիների պատկերացումները պարզունակ են: Նրանք ենթադրում էին, որ դրախտը երկրի վրա է, Եգիպտոսից արեւելք:
Հնդկական հավատները եւս յուրահատուկ են, որոնք ինչպես ազդել, այդպես էլ ազդվել են այլ ազգերի հին հավատներից, այդ թվում՝ հայերի: Հնդկաստանը երբեմն անվանում են կրոնի երկիր: Հնդկական հավատի հնագույն շրջանը Վեդայականն է: Դա հնագույն Սուրբ Գրքերն են, որտեղ պարունակված են սրբազան օրհներգները, աղոթքները, սրբազան բանաձեւերը եւ այլն: Վեդաները որոշ առումով հիմք եղան հետագա բոլոր՝ հնդկական եւ ոչ միայն, կրոների համար: Continue reading →