Արցախը՝ տարածաշրջանի օրինավոր կղզյակ
Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի կարծիքով էլ՝ նման ընտրությունները պարզորոշ հիմնավորում են, որ Արցախի հայությունն ունի ոչ միայն ինքնահարգանք, այլեւ հարգանք է տածում միջազգային չափորոշիչներ հայտարարված սկզբունքների նկատմամբ: Այսինքն, արցախահայերը, չնայած միջազգային հանրություն կոչվածի անարդար որոշումներին, շարունակում են հարգալից վերաբերվել միջազգային կեցակարգին: Նաեւ հիմնավորվում է, որ Արցախի նոր սերունդը բոլորովին այլ մտածողություն ունի, որը չի կարող համատեղվել ադրբեջանական նավթա-բանանա-կամ ինչ-որ այլ բանային դոլարաշեն ապրելակերպի հետ, որի ամբողջ նպատակը աշխարհում հայատյացություն սերմանելն է… Իհարկե, հայ արիներն ու միավորված հեթանոս ազգայնականները վաղուց են հայտարարել, որ ճանաչում են ՀՀ-ԼՂՀ վերամիավորման երկկողմանի իրավական ու պատմական որոշումները, եւ Արցախը համարում են Հայաստանի 12-րդ մարզը, սակայն հասկանում են նաեւ, որ միջազգային մակարդակում պիտի դեռ հասնել այդ գիտակցության ամրագրմանը, ինչին էլ նպաստում են օրինական-իրավական հաջորդիվ քայլերը…
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները հերթական հիստերիան առաջացրին Ադրբեջանում: Ընտրական տեղամասում քվեարկելիս Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ այն հանգամանքը, որ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները, չի նշանակում, որ իրենք հուսահատվելու եւ շեղվելու են իրենց ընտրած ուղղուց. «Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը ուղեկցել եւ ուղեկցում են մեզ»: Ըստ Արցախի նախագահի՝ այդօրինակ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաեւ նվաճումներ եւ հաջողություններ ձեռք բերել: Իսկ դա անպայման կնպաստի նորանոր հաջողություններ արձանագրելուն, հատկապես, որ ընտրություններն ունեն նաեւ մեկ այլ յուրահատկություն՝ արցախցիներն անցնում են մշտական խորհրդարանի. «Այսինքն՝ ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, իսկ դա ինքնին նշանակում է, որ արհեստավարժ աշխատանք ենք իրականացնելու, հետեւաբար խորհրդարանի արդյունավետության աստիճանն ավելի բարձր է լինելու»:
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրողների 70,6%-ը, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 102. 034 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 72.039-ը: «Պիտի ասեմ, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ այս թիվը ավելացել է: 2010թ.. մենք ունեինք 3135-ով պակաս ընտրող»,- ընտրությունների ավարտից հետո հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նա նշել է, որ ընտրական օրվա ամբողջ ընթացքում ընտրատարածքները չեն ստացել գրավոր դիմում-բողոքներ. «Միայն ԿԸՀ-ում ստացվել է 3 դիմում, որոնցից 2-ի խնդիրը լուծվել է հօգուտ դիմողի, իսկ 1-ը ընթացքի մեջ է»:
Ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ էին ժամանել միջազգային դիտորդներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ էին ժամանել 100-ից ավել միջազգային եւ 110-ից ավել տեղական դիտորդներ եւ այլ հյուրեր: Continue reading



