Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը
Տիարք Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան. Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում: Սա ասում եմ լավ հասկանալով, որ երկու ձեւակերպումներին էլ դեմ կարծիքներ կան մեզանում: Սակայն, ուզեն, թե չուզեն, Հանրապետական կուսակցության նախագահը նաեւ մեր պետության նախագահն է, «Ժառանգություն» կուսակցության նախագահն էլ՝ երկրի ընդդիմադիր ուժերի մեջ առաջատար դիրք է ձեռք բերել փաստացի:
Ինչպես մինչընտրական եւ նախընտրական գործընթացներում, այնպես էլ հետընտրական ներկա զարգացումներում հայ արիականներն ու ազգայնականները պահպանել են քաղաքական չեզոքություն, որոշ հանգամանքներով պայմանավորված, իսկ կազմակերպական առումով ընտրական տեղամասերում արել են հնարավորը՝ ՀՀ նախագահի ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար: Այս պահին չխորանալով հետընտրական փոխադարձ մեղադրանքների ու ներկայացրած թվաբանության մեջ, որոնք իհարկե հուզում են նաեւ ինձ, դիմում եմ Ձեզ, առավել զգաստացնող մտորումներով, քանզի օր-օրի սրացող փոխադարձ հնչող հայտարարությունների տոնայնությունը կարող է մի պահի անցնել սահմանագիծը:






