Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.
2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ սահմանեցին մասնակիցների թվով
2018թ. Ձմեռային օլիմպիական խաղերին եկան փոխարինելու Պարալիմիպիական խաղերը, որոնք մարտի 9-ին մեկնարկեցին դարձյալ Հարավային Կորեայի Փհենչհանում, նոր ռեկորդ սահմանեցին մրցումների մասնակիցների թվով: Այս մասին հայտարարել Է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը: Այս Խաղերին մասնակցում են 567 մարզիկներ 49 երկրներից, այդ թվում՝ առաջին անգամ Վրաստանից, Տաջիկստանից: Պարալիմպիական խաղերի մասնակիցների թվով նախորդ ռեկորդը պատկանում Է Սոչիին: 2014թ. խաղերին մանակցել Է 547 պարալիմպիական 45 երկրներից: Փհենչհանում Պարալիմպիական խաղերը տեղի կունենան մարտի 9-18-ը:
Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն է եղել, ով մեր միակ մասնակիցն է:
Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում, մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է եղել մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր, որը գնահատականն է այն ներդրման, որն ունեցել է Սերժ Սարգսյանը Հայաստանում շախմատի զարգացման ու հանրայնացման գործում, մեր երկրի ղեկավարը, ով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է նաեւ, մարտի 10-ին կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման խորհրդանշական առաջին քայլը: Դա մրցաշարի առաջին փուլի՝ Լեւոն Արոնյան – Դին Լիրեն խաղի մեկնարկն ազդարարող քայլն էր, որից հետո աշխարհահռչակ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:
Մրցաշարի բացմանը մեր երկրի նախագահը հանդես է եկել ելույթով: Ելույթներ են ունեցել նաեւ Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից՝ «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրեւը:
Բեռլինյան մրցաշարին մասնակցում է 8 ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող 2 շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 2 շրջանով՝ 14 խաղափուլով՝ շախմատիստները միմյանց հետ կխաղան 2-ական անգամ՝ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ՝ ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) եւ նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:
Ես հպարտ եմ, նաեւ՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաեւ ներկայիս հավակնորդ Լեւոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում 3 անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:
Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում եւ խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը: Continue reading →